Մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը (PAN.am)

Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ: Լոռու մարզի Թումանյան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և ավարտվելու է սեպտեմբերի 25-ին, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի և Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքներում մեծամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 7-ին և ավարտվելու է սեպտեմբերի 25-ին։

ԿԸՀ-ն նաև իրազեկել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում, ինչպես նաև քվեարկությանը նախորդող օրը և քվեարկության օրը թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ, նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրամադրել կամ խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ, ինչպես նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ։

Արգելվում է նաև քարոզչական պաստառների, տպագիր քարոզչական և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի ու առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։

Բացի այդ, արգելվում է քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա որևէ գրառում կատարելը կամ այլ եղանակով դրանք վնասելը։

Leave a comment