ՄաքԷնթի․ ՀՀ վերաբերյալ որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի

Եվրոպան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, հայտարարել է Եվրամիությունը նախագահող երկրի՝ Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին՝ մեկնաբանելով Եվրոպական միության Խորհրդի՝ Coreper II-ի դեսպանների մակարդակով ընդունված որոշումը։

ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստանի համար ժամանակավոր առևտրային արտոնությունների նախաձեռնությանը, հայտնում է Factor.am-ը:

«Այսօրվա որոշումը հստակ ուղերձ է հղում՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի: Մենք կստեղծենք նոր հնարավորություններ և կկանգնենք մեր գործընկերների կողքին:

Եվրոպան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, որոնք ընտրել են բարեփոխումների և Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության հստակ ուղի»,-ասել է նա:

ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվել է հայկական ապրանքների համար սահմանել ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցներ։

Հայաստանի տնտեսությանն աջակցելուն ուղղված այս նախաձեռնությունը ԵՄ օրակարգում է հայտնվել Ռուսաստանի կողմից կիրառված առևտրային սահմանափակումներից հետո։ Դրանով նախատեսվում է ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման մոտ 80%-ը՝ ապրանքների լայն շրջանակի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը ժամանակավորապես կասեցնելու միջոցով։

Արտոնյալ ռեժիմի գործողության համար նախատեսվել է երկու տարվա ժամկետ՝ կանոնակարգի ուժի մեջ մտնելու պահից սկսած։ Սեպտեմբերի 2-ին ԵՄ Խորհուրդն առանց փոփոխությունների հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած առաջարկին՝ այդպիսով ճանապարհ բացելով կանոնակարգի արագ ընդունման համար։

Սեպտեմբերի 3-ին, Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովն անդրադառնալու է այս օրենսդրական նախաձեռնությանը՝ իր վերջնական եզրակացությունը ներկայացնելով մինչև խորհրդարանի առաջիկա նստաշրջանը։ Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանն իր դիրքորոշումը սեպտեմբերյան լիագումար նստաշրջանի ընթացքում կընդունի առանց փոփոխությունների։

Այդ դիրքորոշման պաշտոնական ընդունումից հետո Խորհուրդը կհաստատի այն, որից հետո կանոնակարգը կընդունվի և ուժի մեջ կմտնի ԵՄ Պաշտոնական տեղեկագրում հրապարակման հաջորդող օրը։

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։

Leave a comment