Պոլիկլինիկայի փոխտնօրենի գործի ավարտը չի երեւում

Տնօրենը փոխտնօրենին ուղարկել էր առանց ամսաթվի «Իրազեկում» վերտառությամբ փաստաթուղթ, որով առաջարկել է 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցել պատասխանող կազմակերպությանը պատճառված վնասը:

ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ. մայիսի 2-ի որոշմամբ Սերինե Հայրապետյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Դիմելով դատարան` նա պահանջել է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում կամ հավասարազոր այլ պաշտոնում, ընկերությունից բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։ Դատարանի նույն օրվա որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով արգելվել է պատասխանող «Արտաշատի ԲԿ» ՓԲ ընկերությանը «Արտաշատի ԲԿ» ՓԲ ընկերության փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարել որեւէ մրցույթ, եթե այդպիսին հայտարարելը հանդիսանում է այդ պաշտոնը զբաղեցնելու համար օրենքով սահմանված պարտադիր պայման եւ կայացնել այնպիսի որոշումներ, կարգադրություններ, հրամաններ, կնքել աշխատանքային պայմանագրեր, որոնց հիմքով «Արտաշատի ԲԿ» ՓԲ ընկերության փոխտնօրենի պաշտոնին կարող է նշանակվել այլ անձ։

Դատարանի 2018 թ. հուլիսի 12-ի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչեւ թիվ 27101817 քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելը։

Դատարանի 2022 թ. փետրվարի 23-ի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսել է։

Հայցվորի ներկայացուցիչ Ա.Ղազարյանը հայտնել էր, որ 2007 թ. հոկտեմբերի 1-ին հայցվորի եւ պատասխանողի (որպես գործատու) միջեւ կնքվել է թիվ 6 աշխատանքային պայմանագիրը, որով հայցվորը նշանակվել է «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի պոլիկլինիկայում, որպես փոխտնօրեն 1.0 դրույքով։ Պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով։

Գործատուի 2007 թ. թիվ 114 հրամանով հայցվորը նշանակվել էր փոխտնօրենի պաշտոնում, նրան հանձնարարվել է ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության վերահսկումը։

Պատասխանողի մեկ այլ՝ 2017 թ. թիվ 30 հրամանով հայցվորը համատեղության կարգով՝ 0.25 հաստիքով նշանակվել էր որպես բժիշկ-ֆիզիոթերապեւտ։

ՀՀ Արարատի մարզպետի հանձնարարությամբ պատասխանողի կազմակերպությունում կատարվել են ֆինանսատնտեսական ուսումնասիրություններ, որի արդյունքում, ըստ աշխատանքային խմբի եզրակացության, պատասխանող կազմակերպությանը 2016 թ. մինչեւ 2017 թ. ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում պատճառվել է 1.575.000 ՀՀ դրամի ենթադրյալ վնաս։

2017 թ. ապրիլի 21-ին առանց համարակալման հրամանի համաձայն՝ հայցվոր փոխտնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ որպես հրամանի հիմնավորում նշվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին ենթակետը, իսկ որպես հրամանի հիմք՝ ՀՀ Արարատի մարզպետի հանձնարարությամբ «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ում իրականացված ընդունման-հանձնման աշխատանքների վերաբերյալ 18.04.2017 թվականի աշխատանքային խմբի եզրակացությունը։

Ըստ ներկայացուցչի՝ նշված հրամանից պարզ չէ, թե արդյոք հայցվորն ազատվել է նաեւ 0.25 դրույքով որպես բժիշկ-ֆիզիոթերապեւտ կատարվող աշխատանքից, որը նա կատարել է համատեղությամբ, ինչպես նաեւ հայցվորի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելիս պատասխանողը հայցվորից՝ վերջինիս կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումների վերաբերյալ որեւէ բացատրություն չի պահանջել։

Տվյալ դեպքում, խոսքը գնում է ապրանքային եւ դրամական արժեքներ սպասարկելու ընթացքում աշխատողի կողմից կատարված մեղավոր այնպիսի գործողությունների մասին, որոնք գործատուի մոտ առաջացրել են նյութական վնաս։

Կողմերի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով, ինչպես նաեւ սահմանված կարգով ուժի մեջ մտած որեւէ իրավական ակտով հայցվորին նման գործառույթների իրականացում վերապահված չէ եւ հայցվորը նման իրավասությամբ օժտված չէ։

Վիճարկվող հրամանում բացակայում է որեւէ հիմնավորում կամ պատճառաբանություն, թե հայցվորն ինչպիսի ապրանքային կամ դրամական արժեքներ է սպասարկել, որի արդյունքում գործատուն կրել է վնասներ։ Ավելին, հրամանում որեւէ կերպ բացահայտված չեն հայցվորի կոնկրետ գործողությունները, ինչպես նաեւ բացահայտված չէ վնասն ինքնին։

Դատարանը բավարարում է Սերինե Հայրապետյանի ընդդեմ «Արտաշատի ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության` պայմանագրի լուծումն անօրինական եւ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը եւ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը գանձելու պահանջների մասին հայցապահանջը։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հինգ հատորանոց գործով բավարարում է «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը, բեկանում է ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ քաղաքացիական գործն ուղարկում է դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։ Կրկին նույն շրջապտույտն է. մարզի դատարանը բավարարում է հայցը, կրկին վերաքննիչ դատարան, որը բեկանում է, ուղարկում նոր քննության նույն դատարան։

Օրեր առաջ՝ փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը վճռաբեկ բողոքը բավարարեց, բեկանելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2025 թ. հունիսի 5-ի որոշումը եւ գործն ուղարկեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Թիվ ԱՎԴ/1379/02/17 քաղաքացիական գործում կարվել է մեկ այլ՝ թիվ ԱՎԴ2/0029/02/23 քաղաքացիական գործով 20.08.2024 թվականին կայացված վճիռը (հատոր 5-րդ, գ.թ. 142-148), գործում առկա չէ սույն քաղաքացիական գործով Դատարանի կողմից 20.08.2024 թվականին կայացված վճիռը»։

«Առավոտ» օրաթերթ
10.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment