«Այսօր Հայաստանի գերխնդիրն ավելին չկորցնելն է»․ Էդուարդ Շարմազանով

Արցախի կամ արցախահայերի վերադարձի մասով ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում հույսեր ներշնչել այս պահին, քանի որ Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր համարում է ավելին չկորցնելը։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Պետք է Հայաստանի գահավիժումը կանգնեցնել՝ թույլ չտալով անկախության Հռչակագրի չեզոքացումը, որպեսզի հնարավոր լինի խոսել արցախահայերի վերադարձի իրավունքից»։

ՀՀԿ անդամներն այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի օրն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

ՀՀԿ-ն, ըստ Էդուարդ Շարմազանովի, գտնում է, որ Արցախն ադրբեջանական օկուպացիայի տակ է, քանի դեռ ՀՀ-ում իշխում է այս իշխանությունը, որի համար Արցախն այլևս Ադրբեջան է, և արցախյան հարցն էլ փակված է․ «Մեր՝ քաղաքականության մեջ մնալու առաքելություններից մեկը պետք է լինի այն, որ ապագա սերունդներին ասենք, որ Արցախի հերոսամարտը մեր ժողովրդի մեծ հաղթանակն էր: Դա մեր ազգի փառավոր էջն էր, երբ ազգի փառավոր էջը Հայաստանի կառավարիչն անվանում է թոկ, սա խնդիր է»։

Արցախը վերաազատագրելու հնարավորություն բանախոսի կարծիքով չկա, քանի դեռ Ալիևն ու Փաշինյանն այս քաղաքական «օպերայի» մեջ են․ «Եթե, Աստված չանի, իշխող ռեժիմին հաջողվի անկախության Հռչակագիրը հանել և ալիևյան Սահմանադրությունն ընդունել, ես կարծում եմ՝ դա գրեթե անշրջելի կդարձնի «Եռաբլուր»-ում ննջողների պայքարը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment