Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան

Քաղաքականություն

02.09.2026 | 15:05

Թուրքական բյուջետային Pegasus ավիաընկերությունը չեղարկել է Բոդրումից Մոսկվա առնվազն մեկ չվերթ, որը նախատեսված էր  սեպտեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 00:05-ին։ Այս մասին գրում է «Осторожно, новости»  տելեգրամ ալիքը, փոխանցում է Meduza-ն։

PC1456 չվերթի ուղևորների խոսքով՝ իրենց հայտնել են, որ «օդային տարածքում տիրող իրավիճակի» պատճառով թուրքական բոլոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները։ «Չգիտենք՝ ինչ սպասել, թուրքական կողմը մեզ արգելում է թռիչքներ իրականացնել», – ասել են ավիաընկերությունում։

Վնուկովո օդանավակայանի ցուցատախտակի համաձայն՝ չեղարկվածների թվում են նաև Pegasus ավիաընկերության մի քանի չվերթներ, որոնք պետք է Մոսկվայից մեկնեին Ստամբուլ, Բոդրում և  Դալաման։

Բացի այդ, ըստ ցուցատախտակի՝ գիշերվա և առավոտվա ընթացքում չեղարկվել են նաև Turkish Airlines-ի  առնվազն երկու  չվերթ դեպի Ստամբուլ, Nesma Airlines-ի մեկ չվերթ դեպի Շարմ էլ Շեյխ և «Շիրակ Ավիա»-ի մեկ չվերթ դեպի Երևան։

Միևնույն ժամանակ, օրվա հետագա չվերթների ժամանակացույցում Turkish Airlines-ի չվերթները առայժմ նշված են առանց փոփոխությունների։ Նշվում է, որ լույս սեպտեմբերի 2-ի գիշերը Վնուկովո օդանավակայանում անվտանգության նկատառումներով ժամանակավորապես սահմանափակումներ էին մտցվել։ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում Ռոսավիացիան հայտնել է սահմանափակումների վերացման մասին։

Նախօրեին Վլադիմիր Զելենսկին ավիաընկերություններին նախազգուշացրել էր, որ Ռուսաստանի օդային տարածքը «դառնում է ոչ անվտանգ», քանի որ «Ռուսաստանի երկնքում անօդաչու թռչող սարքերն այնքան  կհայտնվեն, որ դրա հետ պետք է հաշվի նստել»։

ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը Զելենսկու խոսքերը որակել էր որպես «պետական ահաբեկչության հայտ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment