Ցանկացած իրավական գործընթաց պետք է կառուցվի այնպես, որ բացառվի անձի առողջական վիճակին վնաս պատճառելը կամ նվաստացնող պայմանների ստեղծումը. հայտարարություն

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ իրավական որևէ ընթացակարգ կամ վարութային անհրաժեշտություն չի կարող արդարացնել մարդու արժանապատվության ոտնահարումը և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի ու ֆիզիկական անձեռնմխելիության ստորադասումը։

Մեր մտահոգությունն ենք հայտնում Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, 71-ամյա Գագիկ Խաչատրյանի փաստաբանների կողմից տարածված տեսանյութերի կապակցությամբ։ Դրանցում ակնառու է, որ առողջական ծանր խնդիրներ ունեցող անձի տեղափոխումն իրականացվում է ոչ պատշաճ պայմաններում՝ ուղեկցվելով ակնհայտ ֆիզիկական տառապանքով։

Գագիկ Խաչատրյանը, ըստ պաշտպանական կողմի հայտարարության, ունի դեռևս 2015 թվականին ախտորոշված ողնաշարի ստենոզ և պարանոցային ողնաշարի հատուկ իմպլանտներ, իսկ տեղափոխումներն իրականացվել են անձի կիսագիտակից վիճակում։

Մյուս կողմից, ըստ պետական մարմինների կողմից ներկայացված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացության՝ նա չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ քրեական վարույթով վարութային գործողություններին մասնակցելու համար։

Լիարժեքորեն հարգելով անմեղության կանխավարկածը և քրեական վարույթների բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ ցանկացած իրավական գործընթաց պետք է կառուցվի այնպես, որ բացառվի անձի առողջական վիճակին վնաս պատճառելը կամ նվաստացնող պայմանների ստեղծումը։ Հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխումը պետք է իրականացվի բացառապես համապատասխան մասնագիտական ուղեկցությամբ, բժշկական հսկողությամբ և անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովմամբ։

Անկախ անձին առաջադրված մեղադրանքների բնույթից կամ նրա նախկին պաշտոնեական դիրքից՝ մարդասիրական սկզբունքներն ու ֆիզիկական անձեռնմխելիության երաշխիքները պետք է մնան անխաթար։

Կոչ ենք անում իրավասու մարմիններին՝

1.Խստորեն պահպանել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները՝ բացառելով հաշմանդամության կամ առողջական վիճակի հիմքով խտրականությունը։ Սա ենթադրում է դատավարական բոլոր փուլերում ապահովել պատշաճ ընթացակարգային ու խելամիտ հարմարեցումներ։

2.Վարութային գործողությունների կազմակերպման ամբողջ ընթացքում առաջնորդվել անկողմնակալ մասնագիտական գնահատականներով, ապահովել անհրաժեշտ բժշկական օգնության լիարժեք հասանելիությունը և բացառել անձին ավելորդ ֆիզիկական ցավ պատճառող ցանկացած գործողությունից։

3.Հանրությանը և տեղեկատվական տիրույթի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում զերծ մնալ անձի առողջական խնդիրներն ու տառապանքը կասկածի տակ դնելուց, հեգնելուց կամ ծաղրի առարկա դարձնելուց։ Յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ քրեական վարույթներում ներգրավված անձանց առողջական վիճակը պետք է դիտարկվի բացառապես մարդասիրական և իրավական հարթություններում։ Ֆիզիկական ցավի արժեզրկումը ոչ միայն հակասում է մարդու իրավունքների համընդհանուր արժեքներին, այլև նվազեցնում է հանրային ապրումակցման նշաձողը մեր հասարակությունում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment