Նախօրեին Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տեսանյութեր էր հրապարակել նրա ձերբակալություններից՝ պնդելով, որ Խաչատրյանը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ, հայտնում են ՄԻՊ գրանսենյակից։
«Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, տեսանյութի տարածումից անմիջապես հետո, սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։
Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով», – նշված է հղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։
Այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և վերաբերելի բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո հնարավոր կլինի ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիրքորոշումը։
Հրապարակման ենթակա տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի լրացուցիչ։
Նախօրեին Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տեսանյութեր էր հրապարակել նրա ձերբակալություններից՝ պնդելով, որ Խաչատրյանը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման։ Նաև նշվում է, որ Գագիկ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի գնահատմամբ՝ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման։
«Միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների։ Չնայած նրա առողջական ծայրահեղ ծանր վիճակին՝ գործողությունները շարունակվում են օրեր շարունակ՝ պատճառելով ֆիզիկական ծանր տառապանք»,-նշված է փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության մեջ։