Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունն ավարտել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից բնակարանների հատկացման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Ս․Օ․-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ անցել է իր պաշտոնեական լիազորությունները՝ էական վնաս հասցնելով մի շարք անձանց իրավունքներին և օրինական շահերին։
Մասնավորապես, 2008 թվականի հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական ապարատի ներքին անվտանգության բաժնի պետ Մ․Ի․-ն իր ընտանիքին բնակարան հատկացնելու խնդրանքով զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ՊՆ վարչական ապարատի ղեկավարին։ Արդյունքում նա ընդգրկվել է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման գործընթացում։
Բացի այդ, հուլիսի 17-ին Մ․Ի․-ն նույնաբովանդակ զեկուցագիր է ներկայացրել նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս․Օ․-ին, որում բնակարան հատկացնելու խնդրանքից բացի հայտնել է Երևան քաղաքում արտահերթ բնակարանով ապահովվելու ցանկության մասին։
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Ս․Օ․-ն, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 07-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի պայմաններում, ըստ ՔԿ-ի, միջամտել է գործընթացին։ Նշված կարգով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման և նրանց բնակարանների հատկացման գործընթացների իրականացումը բացառապես վերապահված է եղել հանձնաժողովին, իսկ նախարարն այդ գործընթացներին միջամտելու լիազորություն չի ունեցել։ ՔԿ-ի տվյալներով՝ Ս․Օ․-ն, իր հետ բարեկամական կապերի մեջ գտնվող Մ․Ի․-ի խնդրանքին ընդառաջելու շարժառիթով, հանձնաժողովին հանձնարարել է վերջինիս արտահերթ բնակարան հատկացնել։
Նշվում է, որ 2008 թվականի օգոստոսի 11-ին անցկացված հանձնաժողովի նիստում նախագահը և հանձնաժողովի անդամները Մ․Ի․-ին ներառել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման ցանկում։ Այնուհետև հենց նույն նիստի ընթացքում քվեարկությամբ որոշել են նրան արտահերթ կարգով հատկացնել Երևանում գտնվող երեք սենյականոց բնակարան։
«Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման իրական կարիք ունեցող շահառուները տարիներ շարունակ ընդգրկված և հերթագրված լինելով բնակարանային հաշվառման ցուցակներում՝ զրկվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց սոցիալական պաշտպանության ապահովման՝ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ ձեռք բերելու օրինական և օրենքով երաշխավորված իրավունքից, ինչի հետևանքով Էական վնաս է պատճառվել հիշյալ անձանց իրավունքներին և օրինական շահերին:
Ս․Օ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային Քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ծանուցում․ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։