Ռուսաստանն ու հայ ժողովուրդը կապված են պատմական խոր արմատներով, սակայն Հայաստանի համար միաժամանակ և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության կազմում լինելն անհնար է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն։
Պուտինը երկուշաբթի օրը ժամանել էր Ղրղզստան, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, ինչպես նաև անցկացրել մի շարք երկկողմ հանդիպումներ։
«Մեզ հայ ժողովրդի հետ կապում են պատմական բարեկամական կապեր և նույնիսկ ավելին, քան բարեկամությունը։ Մենք հայերի, ընդհանրապես հայ ժողովրդի, այդ թվում՝ աշխարհի այս տարածաշրջանում ապրող հայերի հետ հարաբերությունների շատ խոր արմատներ ունենք։ Բայց պարզապես միաժամանակ լինել մի և մյուս կազմակերպության կազմում՝ անհնար է», – ասել է Պուտինը Ղրղզստան կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ զրույցում։
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը նախկինում ընդունել էր, որ օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն։ Դրա համար անհրաժեշտ են պաշտոնական հայտի ներկայացում, թեկնածու երկրի կարգավիճակի ստացում, Եվրամիության անդամ երկրների համաձայնությունը և Հայաստանի քաղաքացիների հավանությունը։