Արդեն սեպտեմբերն է, և ամառային հանգիստ օրերը կամաց-կամաց ավարտվում են։ Սկսվում է նոր ուսումնական տարին, դպրոցներն ու համալսարանները կրկին լցվում են աշակերտներով և ուսանողներով։
Ամռանը քաղաքում իրավիճակը մի փոքր այլ էր։ Շատ մարդիկ արձակուրդում էին, երեխաներն ու ուսանողները դպրոց և համալսարան չէին գնում, այդ պատճառով առավոտյան և ցերեկային ժամերին ճանապարհներին հաճախ ավելի քիչ մեքենաներ էին լինում, ինչպես նաև՝ ավտոբուսներ։
Արդյո՞ք ավտոբուսների հոսքը քչացել էր ամռանը, և արդյո՞ք աշնանը կավելանա․ MediaHub-ը դիմեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանին։ «Որպես կանոն՝ աշխատանքային ժամանակահատվածում մեքենաների քանակը հստակ սահմանվում է քաղաքապետի որոշմամբ՝ աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին երթուղի դուրս եկող մեքենաների թիվը։ Նախորդ երկու տարիներին, բացառությամբ ամառային ժամանակահատվածի, եթե, օրինակ, օրական երթուղի էինք դուրս բերում պայմանական 713 մեքենա, ապա ամռանը, հաշվի առնելով ուղևորահոսքի նվազումը և քաղաքի համեմատաբար թեթև երթևեկությունը, մեքենաների քանակը կրճատվում էր մոտավորապես 20 տոկոսով»,- ասաց Ասատրյանը։
Նա հավելեց, որ սեպտեմբերին, երբ ուղևորահոսքն ավելանում է, մեքենաների քանակը համապատասխանաբար ավելացվում է՝ համեմատած ամառային ժամանակահատվածի հետ։
«Այս տարի, սակայն, ամռան ընթացքում քաղաքում ուղևորահոսքը բավական բարձր էր։ Հաշվի առնելով ինչպես ուղևորների հոսքը, այնպես էլ տրանսպորտի նկատմամբ պահանջարկը՝ որոշում կայացվեց ամռանը մեքենաների քանակը չկրճատել։ Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 7-ից որոշ երթուղիներում մեքենաների քանակն ավելանալու է՝ հաշվի առնելով ուղևորահոսքի իրական պատկերը։ Օրինակ՝ պայմանական 5-րդ երթուղու դեպքում, եթե այս պահին երթուղի է դուրս գալիս 8 մեքենա, ապա սեպտեմբերի 7-ից, ըստ ուղևորահոսքի, դրանց թիվը կարող է ավելացվել և դառնալ 11»,- ասաց Ասատրյանը։
Մարիաննա Արամյան