Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին, հայտնում է Sputnik Արմենիան:
Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու, ընդդատության հարցի լուծման համար Վճռաբեկ դատարան դիմելու կամ գործը կրկին Արմավիրի դատարան ուղարկելու վերաբերյալ։
Վահագն Մելիքյանն այն դատավորն է, որը 2020 թվականին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել:
«Պարզվում է, որ ըստ տեղեկությունների, դրանից առաջ, նրան հրավիրել են ԱԱԾ, որտեղ ցույց են տվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը՝ անկախ դատավարական խախտումներից։
Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա դատավոր Մելիքյանի հետ կապված: 2025 թվականին, դատավորի հայտարարագրերի ուսումնասիրությունից հետո, նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր նախաձեռնվել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել էր վարույթը ԲԴԽ ուղարկելու համար, դրան զուգահեռ էլ դիմել էր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով»,-ասվում է հրապարակման մեջ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել քննել Վեհափառ Հայրապետին և ԳՀԽ անդամներին վերաբերող քրեական գործը։ Սկզբում դատավոր Մանուկյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով, որ այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանն իրեն փաստաբանական արտոնագիր է տվել։ Դրանից հետո գործը վերամակագրվել է Սերժ Ռուշանյանին, որն օգոստոսի 28-ին որոշել է այն ուղարկել Երևանի քրեական դատարան։