«Ակադեմիական քաղաքի» անվան տակ փակվում են դպրոցներն ու բուհերը․ Ղազարյանի անդրադարձը

Սեպտեմբերի 1-ի առթիվ «Ուժեղ Հայաստան» շարժման անդամ Էդգար Ղազարյանը տեսաուղերձ է հղել «Ակադեմիական քաղաքի» համար հատկացված անմշակ ու քարքարոտ տարածքից՝ սարկազմով քննադատելով գործող իշխանությունների կրթական քաղաքականությունն ու քաղաքաշինական խոստումները։

Ղազարյանն առաջին հերթին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պետական տոնի օրը՝ կեսօրվա դրությամբ, երկրի առաջին դեմքերից և ոչ մեկը դեռևս շնորհավորական ուղերձ չէր հղել մանկավարժներին, աշակերտներին ու ուսանողներին․

«Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի, գրի և դպրոցականության օրը։ Պետական տոն, որը նշվում է տասնամյակներ շարունակ, բայց այսօր, ինչքան էլ զարմանալի է, արդեն կեսօրվա դրությամբ դեռևս ոչ Հայաստանի վարչապետը, ոչ Հանրապետության նախագահը, ոչ Ազգային ժողովի նախագահը նույնիսկ շնորհավորական ուղերձներ չեն հղել մեր ուսուցիչներին, մեր աշակերտներին, ուսանողներին, դասախոսներին այդ անչափ կարևոր տոնի առթիվ»։

Ղազարյանը նկատել է, որ փոխարենը ՀՀ վարչապետը շնորհավորական հեռագրեր է հղել Ուզբեկստանի և Սլովակիայի նախագահներին՝ այդ երկրների Անկախության տոների առթիվ, մինչդեռ սեփական պետական տոնը մնացել է անտեսված։

Ցուցադրելով իր ետևում գտնվող ամայի տեղանքը՝ նա սարկազմով նկարագրել է «կառուցված» ենթակառուցվածքները․

«Ես որոշեցի այսօր սեպտեմբերի 1-ը դիմավորել ակադեմիական քաղաքում։ Ես հիմա գտնվում եմ Հայաստանի այդ ակադեմիական քաղաքում, որ այս կառավարության գլխավոր ծրագրերից էր։ Հիմա տեսեք՝ ինչ գեղեցիկ են մեր ակադեմիական քաղաքի շինությունները, ինչ գեղեցիկ են փողոցները, կրթական տարբեր կլաստերները․․․ դասախոսների համար առանձին հանրակացարաններ, ուսանողների համար առանձին հանրակացարաններ, բոլոր կրթական պայմանները ստեղծվել են»։

Անդրադառնալով կրթական համակարգի փաստացի վիճակին՝ Ղազարյանն ընդգծել է, որ «Ակադեմիական քաղաքի» վերացական գաղափարի ներքո իրականում տեղի է ունենում հաստատությունների զանգվածային լուծարում․

«Մեր կառավարությունը հռչակել էր, որ իր ծրագրում կրթությունը ամենից առավել է․․․ Եվ չնայած այս տարվա սեպտեմբերի 1-ից մոտ 229 հանրակրթական դպրոցներում աշակերտները զրկված են իրենց դպրոցներ այցելելու հնարավորությունից, այդ դպրոցները պետք է փակվեն։ Կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով պետք է փակվեն մինչև 4000 ուսանող ունեցող բուհերը, դրանք գրեթե բոլոր մարզային բուհերն են, Երևանում գտնվող առանձին մի շարք բուհեր, վտանգված է Գիտությունների ազգային ակադեմիայի ապագա ճակատագիրը»։

Ղազարյանը նաև զուգահեռ է անցկացրել իշխանության ամբիցիոզ հայտարարությունների և իրական կազմակերպչական կարողությունների միջև՝ նշելով, որ նման քաղաքաշինական ծրագիր է խոստանում մի կառավարություն, որը չի կարողանում նույնիսկ կրթօջախների սանիտարական հանգույցների հարցը կարգավորել առանց երկրի ղեկավարի անձնական ստուգայցերի։

«Ահա խնդրեմ ակադեմիական քաղաքը ձեր առջև, ահա սա է այն հրաշալի քաղաքը, որի անվան տակ փակվում են բազմաթիվ բուհեր և ակադեմիական հաստատություններ․․․ Ահա այսպես են խաբում ձեզ, սիրելի ժողովուրդ»,- եզրափակել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment