Ցավով արձանագրում ենք, որ Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են։ Փաստաբանական խմբի գնահատմամբ՝ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման։
Միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների։ Չնայած նրա առողջական ծայրահեղ ծանր վիճակին՝ գործողությունները շարունակվում են օրեր շարունակ՝ պատճառելով ֆիզիկական ծանր տառապանք։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք Հայաստանի բժշկական հաստատություններում չեն կիրառվում։ Բժիշկների և դատաբժշկական փորձագետների եզրակացությունների համաձայն՝ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտությունից հետո դեռևս 2020 թվականին ՀՀ իշխանություններից պահանջվել էր ապահովել Գագիկ Խաչատրյանի պատշաճ բժշկական խնամքն ու բուժումը։ Ներկայումս ՄԻԵԴ-ում քննվում են նրա անունից ներկայացված երկու դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ կյանքի իրավունքի, և 3-րդ՝ խոշտանգումների արգելքի հոդվածների հիմքով։ Դիմումները հաղորդակցվել են ՀՀ կառավարությանը։
Այս ամբողջ ընթացքում մենք գիտակցաբար զերծ ենք մնացել Գագիկ Խաչատրյանի ծանր վիճակը պատկերող կադրերի հրապարակումից՝ հարգելով նրա և ընտանիքի անդամների արժանապատվությունն ու անձնական կյանքը։ Սակայն ստեղծված իրավիճակում անհրաժեշտ ենք համարում հանրությանը ներկայացնել կատարվածը՝ ցույց տալու համար նրա նկատմամբ վերաբերմունքի իրական ծանրությունը։
Հասարակությունը կարող է դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ ցանկացած անձի նկատմամբ, սակայն մարդու հիմնարար իրավունքները պայմանավորված չեն նրա նախկին պաշտոնով, հանրային ընկալմամբ կամ առաջադրված մեղադրանքներով։ Յուրաքանչյուր մարդ ունի անօտարելի իրավունքներ և արժանապատվություն, որոնք ենթակա են պաշտպանության՝ անկախ որևէ հանգամանքից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ
Խաչատրյանների փաստաբանական խումբ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: