ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը:
Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված 21 ընկերությունների գրասենյակներում ու մասնաճյուղերում քննչական գործողություններ են իրականացվել։ Դրանք կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։
Քրեական վարույթներից զատ, Հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, մոտ 18 մլրդ դրամ, 14 շարժական գույք, մոտ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր, մոտ 147 հազար ԱՄՆ դոլարի ավանդ, մոտ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք և այլ: