ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ, հայրենակիցներ,
Այսօր իմ աշխատանքային վերջին օրն է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։ Ավարտվեց շուրջ 6,5 տարվա գործունեությունը հարազատ դարձած կառույցում: Իրապես կյանքի մի ամբողջական շրջափուլ՝ լի տարբեր փորձություններով և ձեռքբերումներով, մի տևական ժամանակ, երբ մարտահրավերներին (համավարակ, պատերազմ) դիմագրավելը զուգակցվել է լայնածավալ բարեփոխումներով։
Հպարտ եմ, որ այդ ամբողջ ընթացքում որպես որոշումների կայացման՝ Նախարարության ղեկավար թիմի անդամ առավել կամ պակաս չափով մասն եմ կազմել մարտահրավերների դիմագրավմանը, բարեփոխումների իրականացմանը, Նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ Այդ բարեփոխումներից շատերն արդեն շոշափելի են մեր հանրության կյանքում, բայց, իհարկե, ավելի շոշափելի կդառնան երկարաժամկետ կտրվածքով։
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինձ այս կարևոր դերակատարումը վստահելու՝ նախարարի տեղակալի կարգավիճակով Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար։
Խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնել նաև պարոն Արայիկ Հարությունյանին՝ ինձ պետական կառավարման համակարգ հրավիրելու և նորամուտի փուլում իր առաջնորդության համար։ Շնորհակալ եմ Նախարար պարոն Վահրամ Դումանյանին և, իհարկե, շնորհակալ եմ Նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին առաջնորդության և համատեղ աշխատանքի համար։ Երախտիքի խոսք եմ ուզում հղել նաև մեր մեծ նախարարության ողջ աշխատակազմին, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման բոլոր գործընկերներին, դիվանագիտական ծառայության մեր գործընկերներին, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների գործընկերներին՝ համագործակցության և համատեղ աշխատանքի համար։
Ինձ ճանաչողները վստահաբար գիտեն, որ պաշտոնը դիտել եմ բացառապես որպես պետության և հանրության առջև ստանձնած հանձնառություն և այս ամբողջ ընթացքում փորձել եմ անել առավելագույնը պետության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, հանրային կյանքի բարեփոխման և մեր քաղաքացիների կյանքում իրական փոփոխությունների ուղղությամբ։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։
Սիրում եմ Ձեզ:
P.S. Օրվա խորհրդով սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: