Սեպտեմբերի 7–12-ը Երևանը կհյուրընկալի ICTMD (Ավանդական երաժշտության և պարի ավանդույթների միջազգային խորհուրդ) Music and Minorities հետազոտական խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը։ Այս խորհուրդը էթնոերաժշտագիտության ոլորտի աշխարհի առաջատարն է՝ ներկայացված շուրջ 120 երկրներում: Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի (ICTM) հայաստանյան պատասխանատու Տաթևիկ Շախկուլյանն Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես հնարավոր եղավ նման հեղինակավոր սիմպոզիումի անցկացումը Երևանում, որը ընկալվում է որպես էթնոերաժշտագիտության «Օսկար» ։
«Կազմակերպության հետ աշխատում ենք 2016 թվականից: Այդ ժամանակ Հայաստանը ներկայացված չէր այդ միջազգային կազմակերպությունում, եւ առաջարկն իրենց արել էր UCLA համալսարանի մասնագետներից մեկը: Դրանից հետո փորձեցինք ընդգրկվել իրենց համաժողովներին, կոնֆերանսներին: Օրինակ, 2019-ին Հայաստանից Կորյուն Դավթյանը պարի աշխատարան անցկացրեց Թաիլանդում կայացած համաժողովում, 2022 թ. ես մասնակցեցի Պորտուգալիայի համաժողովին: Մենք նաեւ տարբեր տարիների կոնֆերանսների էլ ենք մասնակցել՝ Լիլիթ Հարությունյանը, Լիլիթ Երնջակյանը… Նախորդ համաժողովին, որ կայացել է Նոր Զելանդիայում, մեր մասնակցությունը ռեկորդային է եղել, ի թիվս այլոց, մասնակցել են Անի Հակոբյանը, Հայարփի Անանյանը:
Չնայած 2016 թ. մասին խոսեցի, բայց 1990-ականներից պարագետ, արվեստագիտության թեկնածու է և մշակութային ժառանգության մասնագետ Նաիրա Կիլիչյանն ակտիվ է եղել՝ որպես այս կազմակերպության անդամ»,-նշեց մեր զրուցակիցը:
Ապա հավելեց. «Առաջին անգամ, երբ Կանադայում մասնակցում էի մեկ այլ համաժողովի, այնտեղ էր նաեւ ICTMD-ի այն ժամանակվա նախագահ Սվանիբոր Պետանը: Ասացի, որ սիրով Հայաստանում էլ կընդունենք սիմպոզիումը, ու անցյալ տարի հոկտեմբերի 7-ին նամակ ստացա Սվանիբոր Պետանից: Նա հարցնում էր՝ արդյոք ուժի մեջ է մեր պայմանավորվածությունը, եւ կարո՞ղ են Հայաստանը դիտարկել: Այնուհետեւ իրենք եկան ու տեսան, որ շատ լավ միջավայր է այստեղ, Սվանիբոր Պետանը ԳԱԱ-ում շատ լավ հանդիպում ունեցավ, դասախոսություններ կարդաց, տեսավ մեր մասնագետներին, մենք էլ հայկական հյուրընկալությամբ ընդունեցինք իրենց: Նրա հետ էր նաեւ Վիեննայի համալսարանից Կաի Թանգը, ինքն էլ «Երաժշտություն եւ փոքրամասնություններ» խմբի ղեկավարն է: Այդպես սկսեցինք աշխատել, ու իրենք բարձր գնահատեցին համագործակցությունը կազմակերպչական փուլում»:
Տաթեւիկ Շախկուլյանի ձեւակերպմամբ, մենք երաժշտագիտության ոլորտի փայլուն մասնագետներ ունենք, բայց արտաքին շփումների առումով բավականին պասիվ ենք, տեմպերով հետ ենք մնացել աշխարհից, քանի որ շարունակում են գերակշռող լինել սովետական ավանդույթները:
«Ի վերջո, տեխնոլոգիաներ են զարգանում, տարբեր գիտական ոլորտներ, բնական է՝ երաժշտագիտությունն էլ իր ճանապարհով պետք է գնա: Հիմա այս առումով շատ շահեկան է, որ մեր մասնագետները շփվեն աշխարհի իրենց գործընկերների հետ: Մյուս կողմից էլ Հայաստանի տեսանելիության աճի, վարկանիշի հարցում սա շատ կարեւոր միջոցառում է, որովհետեւ երաժշտագիտական աշխարհում Հայաստան չկա, անհատների միջոցով են ինչ-որ բաներ ներկայացվում: Օրինակ, միջազգային երաժշտագիտական ընկերության համաժողովներին ամբողջ նստաշրջանը տրամադրվում է Շոստակովիչին կամ Ստրավինսկուն, բայց Արամ Խաչատրյանի մասին չի խոսվում: Այսինքն՝ այս առումով շատ գործ ունենք անելու…Հիմա, երբ առնվազն ICTMD-ի կայքում գրված է, որ այս միջոցառումը Հայաստանում է կայանալու, շատերը կորոնեն Հայաստանը ու կփորձեն տեղեկություններ ստանալ մեր երկրի մասին»։
Տաթևիկ Շախկուլյանը նշեց, որ Հայաստանից մեծ մասնակցություն ունենք, եւ չկա մարդ, որի զեկուցման կամ ելույթի ժամանակ չշոշափվի Կոմիտասի անունը, բացի դրանից, Կոմիտաս-Թանգարան ինստիտուտը հյուրընկալում է համերգը, որտեղ «Փարոս» երգչախումբը հանդես կգա եւ Կոմիտաս կհնչեցնի, «Զանգերը» նույնպես Կոմիտաս կնվագեն: Իսկ համերգից առաջ շրջայց կա Կոմիտաս թանգարանում, նաեւ Կոմիտասի անունն է կրում նաեւ կոնսերվատորիան, որը համակազմակերպիչ է:
«Ինձ համար որպես հայ մարդ շատ կարեւոր է Արցախը, այս կոնֆերանսին մենք Արցախ էլ ունենք ներկայացված: Օրինակ՝ բացման արարողությանը մենք հրավիրել ենք արցախցի կույր երգիչ Մարատ Հարությունյանին, որը Արցախի հորովել է երգելու… Ինչու ենք իրեն հրավիրել, որովհետեւ միաժամանակ ներկայացնում է տեղահանված արցախահայ համայնքը եւ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց»,-ընդգծեց նա։
Հավելենք, որ Հայաստանում սիմպոզիումը հյուրընկալում են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ Կայթ մշակութային հանգույցը։ Միջազգային գիտաժողովին կմասնակցի աշխարհի 35 երկրների մոտ 90 ներկայացուցիչ՝ ավելի քան 65 գիտական եւ կրթական հաստատություններից։ Ծրագիրը ներառում է գիտական նիստեր, աշխատարաններ, համերգներ եւ այլ մշակութային միջոցառումներ։
Մասնակիցների թվում են բազմաթիվ անվանի մասնագետներ, այդ թվում՝ ICTMD նախորդ նախագահ Սվանիբոր Պետտանը, Վիեննայի համալսարանի Ֆոլկլորային երաժշտության հետազոտությունների եւ էթնոմուզիկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Մարկո Քյոլբլը, Վարշավայի Երաժշտագիտության ինստիտուտի փոխտնօրեն Թոմաշ Նովակը, Պրագայի համալսարանի անտրոպոլոգիական հետազոտությունների ղեկավար Ժուժանա Ժուռկովան, ամերիկյան SEM-ի նախորդ նախագահ Դեբորա Ուոնգը եւ այլն։ Սիմպոզիումին քննարկվելու են ազգային եւ կրոնական փոքրամասնությունների մշակույթը, սփյուռքը, միգրացիան եւ տեղահանությունը, հակամարտություններից տուժած համայնքների մշակութային կյանքը, մշակութային հիշողությունը, ինքնության պահպանման խնդիրները, ինչպես նաեւ ներառականությունն ու մշակութային իրավունքները։
Ինչպես նշվեց, Հայաստանից ներկայացվող թեմաների շարքում են Արցախի երաժշտական մշակույթը, սահմանամերձ համայնքներում երաժշտության եւ արվեստի զարգացման մոդելները, կույրերի, խուլերի եւ այլ խմբերի համար ներառական կրթության հարցերը, ինչպես նաեւ Հայաստանից դուրս գործող հայկական համայնքների, այդ թվում՝ Նոր Ջուղայի եւ Երուսաղեմի մշակույթը։
Միջազգային մասնակիցների զեկուցումները վերաբերում են տարբեր երկրների ազգային եւ կրոնական փոքրամասնություններին, միգրացիային, հարկադիր տեղահանությանը, հակամարտությունների հետեւանքով ձեւավորված մշակութային իրողություններին, մշակութային հիշողությանը, ինքնության պահպանմանը եւ դեկոլոնիզացիային։ Սիմպոզիումի կարեւոր առանձնահատկություններից է այն, որ փոքրամասնությունների եւ խոցելի խմբերի թեման ներկայացվելու է ոչ միայն գիտական զեկուցումների, այլեւ կենդանի երաժշտության ու ցուցադրությունների միջոցով։ Առանձին համերգային ծրագրում հանդես կգան հաշմանդամություն ունեցող անհատներից բաղկացած «Փարոս» երգչախումբը, կույրերից եւ խուլերից բաղկացած «Կամք» պարախումբը, Դաունի համախտանիշ ունեցող կատարողներից բաղկացած «Զանգերի» խումբը, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
Սիմպոզիումը կարեւոր հնարավորություն է Հայաստանի երաժշտագիտությունը միջազգային մասնագիտական դաշտում ավելի տեսանելի դարձնելու, նոր միջազգային համագործակցություններ ձեւավորելու եւ Հայաստանը համաշխարհային երաժշտագիտական քարտեզում ավելի ընդգծված ներկայացնելու համար։
ICTMD «Երաժշտություն և փոքրամասնություններ» 13-րդ սիմպոզիումն իրականացվում է Երևանի թանգարանների հետ համագործակցությամբ։ Մասնավորապես Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը սիրով տրամադրել է Սարյանի «Հայաստան» կտավը՝ սիմպոզիումի բրենդինգում օգտագործելու համար, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հյուրընկալում է Many Voices, One Stage: Expressions of Minority Cultures համերգը՝ նվիրված երաժշտության և պարի միջոցով մշակութային ինքնության, ներառականության և բազմազանության ներկայացմանը, իսկ Արամ Խաչատրյանի թանգարանը՝ Croatian and Armenian Women Composers համերգը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: