«Երգն ինձ համար աղոթք է՝ անկախ նրանից, եկեղեցո՞ւմ եմ երգում, թե՞ աշխարհիկ բեմում». Գայանե Ղամբարյան

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան) մեներգչուհի, օպերային երգչուհի, սոպրանո Գայանե Ղամբարյանի համագործակցությունն այս համույթի հետ սկսվել է 2018-ից, իսկ 2020-ից նա «Տաղարանի» մենակատարն է: «Առավոտի» հետ զրույցում երգչուհին նշում է, որ ստեղծագործական առումով բեղմնավոր, արդյունավետ ու գեղեցիկ շրջան է ունեցել մաեստրո Սեդրակ Երկանյանի առաջնորդությամբ, իրականացվել են հետաքրքիր ծրագրերով համերգներ «Տաղարանի» կազմում՝ հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներից մինչեւ Կոմիտասի՝ գերմաներեն ստեղծագործություններն ու հայտնի երգերը՝ «Գարուն ա», «Դլե Յաման», «Կռունկ»: «Բացի այն համերգներից, որտեղ հնչել են Կոմիտասի մշակումները՝ մաեստրո Երկանյանի գործիքավորմամբ, ունեցել ենք բազմաթիվ բարոկ համերգներ, որտեղ կատարվել են Հենդելի, Վիվալդիի, Փյորսլի եւ բարոկ ժամանակաշրջանի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ հետաքրքիր մեկնաբանություններով: Դրանք պարբերաբար հղկել են բարոկ ժանրում հանդես գալու իմ մասնագիտական ունակությունները, հնարավորություն տվել ժանրին էլ ավելի մոտիկից ծանոթանալու եւ մեկնելու այն»,-նշեց Գայանե Ղամբարյանը:

Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ այն մենահամերգներին, որոնք կայացել են «Տաղարանի» հետ համագործակցության շրջանակներում. «Գրեթե ամեն տարի ես ունենում եմ մեկ մենահամերգ, որոշները՝ միայն մաեստրո Երկանյանի նվագակցությամբ, ինչի համար շատ երջանիկ եմ եւ հպարտ: Ամեն անգամ ընտրել ենք որեւէ հետաքրքիր թեմատիկա, որի շուրջ մենք կառուցել ենք մեր մենահամերգի ծրագիրը: Օրինակ, 2024թ. ունեցանք «Նվիրում Պուչինիին» խորագրով համերգ՝ նվիրված կոմպոզիտորի մահվան 100-ամյա տարելիցին, որի ծրագրում միայն Պուչինի էր: Իսկ դրանից առաջ կայացել էր մենահամերգ, որն ամբողջությամբ արեւմտաեվրոպական բելկանտո ոճում գրված արիաների ցուցադրություն էր՝ կրկին մաեստրո Երկանյանի նվագակցությամբ, երկրորդ բաժնում էլ դուետային համարներ էին՝ ջութակի հետ, ձայնի հետ զուգերգով: 2025թ. սեպտեմբերին ունեցած մենահամերգը եւս նշանակալի էր, այն հիմնականում ներառում էր իսպանական սարսուելաներից հատվածների՝ արիաների, ռոմանսների մշակումներ, որոնք մաեստրոն մեծ նվիրումով էր արել: Ես հնարավորություն ունեցա այդ գեղեցիկ ծրագիրը՝ համեմված պարային համարներով եւ իսպանական կոլորիտով, «Տաղարան» համույթի հետ ներկայացնել հանրությանը»: Երգչուհին ընդգծեց, որ ամեն տարի մենահամերգի ձեւաչափով ինքն իրեն եւ հանդիսատեսին յուրօրինակ հաշվետվություն է ներկայացնում՝ ցույց տալու համար, թե որքանով է հղկել իր մասնագիտական հմտությունները եւ ինչ նոր նշաձող է սահմանել:

«Փետրվարի 26-ին սպասվում է շատ կարեւոր մի համերգ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը, որի ծրագրում նաեւ Պերգոլեզիի «Ստաբատ Մատերն» է: Ես կկատարեմ սոպրանոյի դերերգը, իսկ մեցցո սոպրանոյի բաժինը կկատարի մեր մյուս մեներգչուհին՝ Լուսինե Մարկոսյանը, որը բազում տարիներ «Տաղարանի» «հիմնաքարային» մեներգչուհիներից է։ Դա ինձ համար յուրատեսակ պրեմիերա է եւ շատ պատասխանատու համերգ: Ես այս շրջանն օգտագործում եմ առավել կենտրոնանալու այդ հոգեւոր բովանդակության ու զգացողությունների վրա, որ փորձել է կոմպոզիտորն արտահայտել՝ նկարագրելով խաչի առաջ ողբացող Տիրամորը: Զգում եմ, որ մեզ հետ կատարվող ոչ մի բան պատահական չէ, որովհետեւ այս ժամանակաշրջանում կարծես ավելի սուր ես զգում ամեն ինչ, փորձում քեզ առավել լցնել այդ բովանդակությամբ, առավել զգայուն ես դառնում՝ հուզական բոլոր նրբերանգների հանդեպ եւ փորձում այդ ամենն արտահայտել ձայնի միջոցով: Այս դերերգը եւս մեկ քայլով կավելացնի իմ հմտություններն այդ ժամանակաշրջանի երաժշտությունը կատարելու առումով, որովհետեւ դա եւս   մտնում է բարոկ երաժշտության փիլիսոփայության աշխարհընկալումների մեջ»,-նշեց երգչուհին:

Մեր դիտարկմանը, որ իր հետաքրքրություններն օպերային ժանրի՝ մասնավորապես իտալական օպերային գլուխգործոցների համատեքստում են, եւ հարցին՝ ինչ դերերգերով է հանդես եկել ու հատկապես ինչն է համարում այցեքարտային, Գայանե Ղամբարյանն այսպես արձագանքեց. «Համերգային ժանրին զուգահեռ իմ երգչական գործունեության շատ կարեւոր եւ սիրելի մաս է կազմում օպերային ժանրում երգեցողությունը: Փոքրուց զգացել եմ, որ իմ սրտում կա յուրահատուկ մի տեղ, որտեղ ապրում է օպերան եւ առաջին հերթին՝ իտալական օպերան: Ինձ բախտ է վիճակվել 2022թ. իմ դեբյուտն ունենալ Ազգային օպերային թատրոնում՝ Վիոլետայի դերերգով՝ Վերդիի «Տրավիատայում»: Հենց այդ դերերգն եմ համարում այցեքարտային, որովհետեւ եւ ձայնի տեսակով է համապատասխան՝ լիրիկ -դրամատիկ սոպրանո՝ տեխնիկական կարողություններով, եւ հոգեբանորեն խորը վերապրում պահանջող կերպար է: Այն քո մեջ գեղեցիկն ու մարդկայինը էլ ավելի բացահայտելու դերերգ է: Նաեւ Ջիլդայի դերեգն եմ կատարել՝ Վերդիի «Ռիգոլետո» օպերայից: Այդ հնարավորությունն ինձ ընձեռվել է 2024թ. հունիս-հուլիս ամիսներին Իտալիայում կազմակերպվող «Գրեվե օպերային ակադեմիայում» ուսանելիս։ «Գրեվե օպերային ակադեմիայում» առիթ եմ ունեցել դասեր առնելու իտալական օպերային արվեստի եւ իտալական երգեցողության դպրոցի գիտակ այնպիսի մասնագետներից, ինչպիսիք են Արմանդո Արիոստինին՝ իտալական բոլոր օպերային թատրոններում հանդես եկած երգիչ եւ երգեցողության վաստակաշատ ուսուցիչ, Ջակոմո Բենեդետտին՝ դաշնակահար, կլավեսինահար եւ իտալական օպերաների քոուչ, Պաոլո Բելլոչչին, ով երկար տարիներ համագործակցում էր Ֆլորենցիայի «Մաջջո Մուզիկալե» օպերային թատրոնի հետ՝ իբրեւ իտալական օպերային ռեպերտուարի փորձագետ եւ ոլորտի այլ փորձառու մասնագետներից:

Նրանք ուսուցանում էին իտալական օպերային դպրոցի, երգեցողության, լեզվական եւ ոճային արտահայտչականության, ինչպես նաեւ արտիստիկ բեմական ներկայության նրբություններն ու առանձնահատկությունները։ Այդ շրջանը կարեւոր էր ինձ համար՝ գիտելիքների, փորձառության, իտալական օպերային երգեցողության մեջ խորանալու ու հմտանալու առումով: Նաեւ ունեցա պրեմիերաներ Միմի (Պուչինի՝ «Բոհեմ») եւ Ջիլդա (Վերդի՝ «Ռիգոլետո») երգեցի, այլ բեմերում: Նաեւ Մոցարտի Դոննա Աննայի («Դոն Ժուան» օպերայից) դերերգը շատ կարեւոր էր ինձ համար, քանի որ հնարավորություն ընձեռեց վոկալ- կատարողական ունակություններս մեկ աստիճանով էլ բարձրացնելու, մոցարտյան հերոսուհիներին մեկնաբանելու… Ինչո՞ւ եմ շատ սիրում օպերային արվեստը, քանի որ այն համադրություն է թատրոնի եւ երաժշտության, եւ երբ դու մարմնավորում ես ինչ-որ հերոսուհու, թատրոնի կոմպոնենտը միշտ հնարավորություն է տալիս առավել վերլուծելու, քո ներսում ապրող անճանաչելի հատվածները վերծանելու, ապա՝ կիսելու հանդիսատեսի հետ: Դա շատ հետաքրքիր պրոցես է՝ զուգադրված երաժշտության հետ, որն աստվածային է եւ անկրկնելի, մեծագույն բավականություն եւ երջանկություն է ծառայել հենց նման երաժշտությանը»:

Մեր զրուցակցի հետ խոսեցինք նաեւ միջազգային մրցույթներից, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են դրանք տվել իրեն: Գայանե Ղամբարյանը 2023 թ. դարձել է Մեծ Բրիտանիայում անցկացված «Golden Talent» միջազգային մրցույթի, իսկ 2024-ին՝ «LES լTOILES DE PARIS 2024» 31-րդ միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիր: Նա նշեց, որ ինչպես մրցույթներին մասնակցելը, այնպես էլ երգչական գործունեությամբ զբաղվելը իր պարագայում բավականին ուշ է սկսվել. «Ինչ-ինչ հանգամանքների բերումով ես ուշ հնարավորություն ստացա օգտագործելու իմ ձայնը՝ գրեթե 30 տարեկանում, ինչը հետաքրքիր փորձառություն էր. դու հայտնվում ես մի սահմանին, երբ տարիքդ մրցույթային չէ, ու բավական դժվար է առաջ գնալը, որովհետեւ ընդունված ստանդարտներն այլ են: Միջազգային ասպարեզում կայանալը եւ դրսեւորվելը իմ տարիքի երգչուհու համար որոշակի առումով անհնարին բաները հնարավոր դարձնելու ճանապարհ են, բայց նաեւ հետաքրքիր են: Մյուս կողմից, ամեն բան իր խորհուրդն ունի՝ հենց այս տարիքում բացվելը, երգելը՝ տիեզերական արժեքների ու գեղեցկության մասին, դա էլ իմ ճանապարհն է, որը փորձում եմ պատվով անցնել: Ինչ վերաբերում մրցույթներին, հաղթանակը գնահատականի ու ինքնավստահության աճի միջոց է, որը հաճելի է»:

Գայանե Ղամբարյանի հետ զրույցում կարեւոր համագործակցությունների մասին էլ խոսեցինք: Նա առանձնացրեց վիրտուոզ ջութակահար Նիկոլայ Մադոյանի հետ համերգները՝ 2023թ. հունվար եւ մարտ ամիսներին «Տաղարանի» հետ. «Վիվալդիի արիաները, որոնք մաեստրո Երկանյանը փոխադրել էր սոպրանո ձայնի համար, մենք վերածեցինք դուետի՝ ձայնի եւ ջութակի համար, ինչը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից: Մեծագույն բավականություն է Նիկոլայ Մադոյանի հետ ելույթ ունենալը, որովհետեւ նրա ջութակի անչափ հուզական հնչերանգը առավել նպաստում էր փոխանցելուն Վիվալդիիի կախարդական երաժշտության աշխարհը: Նա կատարում էր նաեւ ջութակի համար գրված կոնցերտները, իսկ ես արիաներ՝ Վիվալդիի երկացանկից»:

Մեր զրուցակիցն առանձնացրեց նաեւ 2025թ. հոկտեմբերի համագործակցությունը եւ նույն բեմում գտնվելու երջանիկ հնարավորությունը համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Պապյանի հետ. «Տիկին Պապյանը կոնսերվատորիայի օպերային ստուդիայում բեմադրել էր Թերենս ՄըքՆելլիի «Վարպետության դաս» պիեսը, որը պատմում է ուսանողների հետ վարպետության դաս անցկացնող Մարիա Կալասի մասին: Ես ստացել էի ուսանողներից մեկի դերը, որ երգում էր Լեդի Մակբեթ: Լեդի Մակբեթը երգելուց հետո տիկին Պապյանն ասաց, որ արդեն կարող եմ անցնել փոքր-ինչ ավելի դրամատիկ դերերգերի: Նա այն եզակի մտավորականներից ու արտիստներից է, որը ջանք ու եռանդ չի խնայում երիտասարդ, շնորհաշատ երգիչներին դժվար ճանապահը անցնելիս օգնելու եւ իր հարուստ փորձը փոխանցելու առումով»:

Գայանե Ղամբարյանից տեղեկացանք, որ այս տարվա մայիսի 27-ին պատրաստվում են կրկնել «Իսպանիայից եմ գալիս» խորագրով մենահամերգը՝ իսպանական սարսուելաներից եւ իսպանական երգերից բաղկացած ծրագրով: Երգչուհու խոսքով, բացի նրանից, որ համերգը շատ գեղեցիկ էր ստացվել, նաեւ բավական աշխատանք ու եռանդ էր դրված դրա կայացման համար:

Սոպրանո Գայանե Ղամբարյանը նվիրվող տեսակ է: Նրա ձեւակերպմամբ, երգչի ստեղծագործական կյանքում շատ կարեւոր են սերը, նվիրումն ու հավատը այն ամենի հանդեպ, ինչ անում ես. «Երբեմն լինում են պահեր, երբ կյանքում մռայլ կետի ես հասնում, խոչընդոտների, փորձում ես հենման կետեր գտնել եւ շարժառիթ, թե ինչու պետք է շարունակես «քայլելը», հատկապես որ աշխարհում կատակլիզմներ կան, մարդկային, տարերային աղետներ, աշխարհը գնալով ավելի անմարդկային է դառնում, հոգեւոր արժեքները ընկճվում, հետին պլան են մղվում… Եվ երբ դու այդ ամենը դիտարկում ես այն համատեքստում, որ իզուր չես այդ գործով զբաղվում, որ ջահակիրներից մեկն ես գեղեցիկ երաժշտության, որը հավերժ նորոգող ու սփոփող է եւ խոսում է մի աշխարհի մասին, որը կատարյալ ու գեղեցիկ է, առավել մարդասիրական՝ կյանքի գույները միանգամից փոխվում են: Ձայնն ինձ համար այն կապող ոսկեզօծ թելն է, որի միջոցով կարծես հաղորդակից ես դառնում գերբնականին ու վերերկրայինին: Երգն ինձ համար աղոթք է՝ անկախ նրանից, եկեղեցում եմ երգում, թե աշխարհիկ բեմում: Այն ճանապարհ է առ Աստված: Նաեւ, որպեսզի ուժ ուենենաս խոչընդոտներով լի ճանապարհն անցնելու, շատ կարեւոր է, որ այդ ճանապարհին քեզ հանդիպեն մարդիկ, ովքեր հավատում են քո շնորհին, ասելիքին եւ ձեռք մեկնեն: Իմ դասախոսներից Դանիել Երաժիշտն ասում էր՝ մարդիկ կարծես Աստծո նվագարաններ են, որոնց միջոցով նա նվագում է իր աստվածային մեղեդին: Հիմա, եթե մի բան պետք է լինի, մեր ճանապարհին հայտնվում են մարդիկ, որոնք ձեռք են մեկնում, հավատում են, եւ դա քեզ օգնում է առաջ գնալ: Ես իրենց հավերժ շնորհակալ եմ… Ուզում եմ, որ յուրաքանչյուր տաղանդավոր մարդու ճանապարհին էլ հանդիպեն ձեռք մեկնող մարդիկ, որովհետե առանց նրանց տված թեւերի՝ դու ճախրելու հնարավորություն չես ունենա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment