Կարևոր է բարձրացնել ՄԱԿ-ի արդյունավետությունը՝ գլոբալ Հարավի և Արևելքի երկրների հաշվին

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրները պետք է ավելի ընդարձակ ներկայացված լինեն ՄԱԿ-ի մարմիններում, ավելի ակտիվ մասնակցեն նոր աշխարհակարգին, որը պետք է լինի իսկապես բազմաբևեռ։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպության արդյունավետությունը պետք է բարձրացվի՝ հաշվի առնելով Գլոբալ Հարավի և Արևելքի երկրների աճող դերը։ Այս մասին Բիշքեկում ՇՀԿ+ լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով` այս երկրների ներկայացվածությունը ՄԱԿ-ի մարմիններում, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում, պետք է ընդլայնվի։

Պուտինը նշել է, որ համաշխարհային հանրությունը պետք է հարմարվի համաշխարհային քաղաքականության և տնտեսության հիմնարար փոփոխություններին և նոր աշխարհակարգի ձևավորմանը։ Նրա գնահատմամբ`այս գործընթացը օբյեկտիվ և անշրջելի բնույթ է կրում, ինչի մասին է վկայում բազմաթիվ պետությունների ցանկությունը՝ ինքնուրույն որոշելու սեփական ճակատագիրը և պաշտպանելու սեփական շահերը։

«ՄԱԿ-ի միավորող և ստեղծարար գործունեությունը բավական մեծ պահանջարկ ունի, և կազմակերպությունը պետք է պահպանի իր գործառույթը՝ որպես շահերի համաձայենցման գլխավոր մեխանիզմ, գոնե այն պատճառով, որ աշխարհում նման այլ մեխանիզմ գոյություն չունի: ՄԱԿ-ի կանոնադրությունը պետք է շարունակի մնալ միջազգային իրավունքի հիմնական աղբյուրը», – հայտարարել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև նշել է Շանհայի համագործակցության կազմակերպության և այլ տարածաշրջանային միավորումների դերը բազմաբևեռ աշխարհի ձևավորվող ճարտարապետության մեջ: Նրա խոսքով՝ նման կառույցները թափ են հավաքում Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։

ՇՀԿ+ նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆորումի շրջանակներում բանակցություններ են նախատեսվում նրա և Վլադիմիր Պուտինի միջև։

Leave a comment