ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է ապահովագրության գործարկման առաջին ամիսներին ի հայտ եկած խնդիրները։
«Հաշվի առնելով, որ առողջության ապահովագրության գործարկման դեռևս առաջին փուլում ենք` ինձ համար կարևոր է կիրարկման առաջին այս ամիսներին առաջացած խնդիրների ժամանակին վերհանումը, ձեր դիտարկումները և առաջարկությունները լսելը. սա հնարավորություն է տալու հետագա աշխատանքներն ավելի թիրախային ու ճշգրիտ կազմակերպել»,- նշել է նախարարը:
Քննարկմանը մասնակցած մասնագիտական համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ոլորտներում վերջին ամիսներին արձանագրված խնդիրները։ Անդրադարձ է կատարվել նաև ուղեգրումների կազմակերպման ընթացակարգին։
Տեխնիկական բնույթի խնդիրները լուծելու նպատակով նախարարն համապատասխան հանձնարարականներ է տվել։
Միաժամանակ նա ասոցիացիաներին առաջարկել է ավելի ակտիվ լինել և նախադեպային խնդիրների կամ առաջարկների դեպքում դրանք գրավոր ներկայացնել քննարկման՝ ընդգծելով համագործակցության հարցում գերատեսչության պատրաստակամությունը։
Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։