ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիայի» հետ քննարկել է ՀՀ էներգետիկ համակարգի հուսալիության հարցը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Հրազդան-5» էներգաբլոկ։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերության ներկայացուցիչները ՀԾԿՀ–ի պատվիրակությանը ծանոթացրել են կայանի աշխատանքին, դրա տեխնիկական հնարավորություններին և վերջին տարիներին իրականացված վերազինումների արդյունքներին։ Հանձնաժողովի նախագահը և անդամները զննել են կայանի արտադրական և ինժեներական ենթակառուցվածքները, ինչպես նաև հիմնական տեխնոլոգիական հանգույցները։

Նշվում է, որ «Հրազդան-5» էներգաբլոկը խոշորագույն և ամենահուսալի էլեկտրաէներգետիկ օբյեկտներից մեկն է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ ոլորտի կայունությունը։

«Ներկայում, հաշվի առնելով ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման համար իրականացրած դադարեցումը, էներգաբլոկն ապահովում է էլեկտրաէներգիայի անհրաժեշտ ծավալների արտադրություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է էներգետիկ ոլորտի ընկերությունների հետ պարբերական փոխգործակցության և շահագործման հարցերում համատեղ աշխատանքի կարևորությունը։

«Հրազդան-5» էներգաբլոկը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ «Գազպրոմ Արմենիան» ձեռք է բերել անավարտ կառույցի ակտիվները 2006 թվականին, որից հետո ավարտել է դրա կառուցումն ու արդիականացումը։

Էներգաբլոկը Հայաստանի էներգետիկ համակարգին միացվել է 2012 թվականի հունվարին, իսկ կայանը սկսել է շահագործվել 2013 թվականի դեկտեմբերին։ Դրա հզորությունը 467 ՄՎտ է։ «Գազպրոմ Արմենիայի» տվյալներով՝ կայանը գործարկումից ի վեր արտադրել է մոտ 9.7 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Sputnik Արմենիա

Leave a comment