Միրզոյան․ ՀԿԵ-ի հարցով Մոսկվայից ազդակ է ստացվել (PAN.am)

Հայկական կողմը երկու-երեք օր առաջ ռուսական կողմից ազդակ է ստացել ՀԿԵ Երասխ–Նախիջևան և Ախուրիկ–Թուրքիա սահմանային երկաթուղային հատվածների վերականգնման հարցի առնչությամբ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Այդ ազդակը խոսում է այն մասին, որ իրենք պատրաստակամ են հասկանալ, քննարկել նյուանսները, թե ով որքան է ներդնելու և այլն»,– նշել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա գնահատմամբ՝ կարելի է ասել, որ սա մերժում չէ ռուսական կողմից, եթե փորձում են հասկանալ առաջացած խնդիրն ինչպես լուծել։ Միրզոյանը նաև հայտնել է, որ քանի որ ռուսական կողմից այդ ազդակը նոր է ստացվել, այժմ համապատասխան գերատեսչությունները ներգրավվելու են և պարզելու են հետագա անելիքները։

Հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի թեման Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բարձրացրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հատվածների վերանորոգման համատեքստում։ Մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն այդ հատվածները վերակառուցելու է սեփական միջոցներով։

Ավելի ուշ նա ՌԴ-ին առաջարկել է վերանայել հայկական երկաթուղու կառավարման հարցը՝ խոսելով բարեկամ որևէ երկրի՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիան վաճառելու հնարավորության մասին։ Երևանը հայտարարել է, որ չի առարկում երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն, եթե ռուսական կողմը համաձայնություն տա։ Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշել է, որ Ռուսաստանը Ղազախստանին կոնցեսիան փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարում։

Հայկական երկաթուղին 2008 թվականի փետրվարին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարի ժամկետով՝ ևս տասը տարով երկարաձգելու իրավունքով։

Leave a comment