Հասարակություն
01.09.2026 | 11:20
Երևանի Շիրակի 49 հասցեում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված երկու անձանցից մեկն ազատ է արձակվել, մյուսը դեռ ունի ձերբակալվածի կարգավիճակ։
Երեկ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։ Երկու անձ ձերբակալվել էր։
Ավելի վաղ ՆԳՆ-ից Factor.am-ին հայտնել էին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից Շիրակի 49 հասցեում իրականացվող տնակների քանդման փորձի ընթացքում հասարակական կարգի ապահովման շրջանակում Շենգավիթի բաժին երկու անձ էր բերման ենթարկվել՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով։
ՆԳՆ-ից հայտնել էին, որ բերման ենթարկվածներից մեկը քարով հարվածել և կոտրել էր ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Շիրակի 49 հասցեում գտնվող տնակների քանդման աշխատանքներ իրականացնելու նպատակով տարածք էին այցելել։ Սակայն աշխատանքները չէին սկսվել՝ բնակիչների դիմադրության պատճառով։ Տնակներից մեկում բնակվող անչափահասը դանակով ինքն իրեն վնասելու սպառնալիք էր հնչեցրել, ապա քարեր էր նետել քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։
Տարածք բերված տեխնիկան հեռացել էր, իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ քանդման աշխատանքները դադարեցվել էին։ Քաղաքապետարանը հայտարարել էր, որ բնակիչների հետ նախատեսվում են նոր բանակցություններ։
Անի Թամրազյան