Սեպտեմբերի 1-ից վարորդականի տեսական քննության կարգը կփոխվի (PAN.am)

Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անցկացվող որակավորման տեսական քննությունների կարգում փոփոխություններ են կատարվել, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Նախկինում տարբեր կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցների վարման իրավունք ստանալու համար դիմած քաղաքացիները պատասխանում էին մեկ միասնական հարցաշարում ներառված հարցերին։

Այժմ այդ միասնական հարցաշարի հարցերը, առանց լրացուցիչ կամ նոր հարցեր ներառելու, բաժանվել են երկու հիմնական խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։

A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու նպատակով դիմած անձինք պատասխանելու են A, B, C խմբի համար նախատեսված ընդհանուր հարցաշարի հարցերին։

D կամ T կարգի տրանսպորտային միջոցների վարման իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանելու են D, T խմբի ընդհանուր հարցաշարում ներառված հարցերին։ Միաժամանակ բարելավվել է նաև հարցերին կցված պատկերների որակը։

Նորացված մոտեցումը հնարավորություն է տալու ավելի հասցեական գնահատել դիմորդների տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար։

Leave a comment