Ըստ բաց աղբյուրների` ուսման վարձը տարեկան 17-20 հազար եվրոյի սահմաններում է` կախված ծրագրից:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դուստրը` Արփի Միրզոյանը, այս տարի ավարտել է դպրոցը և սովորելու մեկնել Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկում՝ Նիդեռլանդների Թիլբուրգի համալսարանի իրավագիտության բաժնում։ Այս մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը:
«Նա արդեն Նիդեռլանդներում է։ Հայրը նրա համար երկու սենյականոց բնակարան է վարձել համալսարանի հարևանությամբ, քանի որ այն չունի կամպուս (ուսանողների կեցավայր)։ Համալսարանը բավականին խիստ քաղաքականություն է վարում բակալավրիատի կրթաթոշակների և դրամաշնորհների հարցում` արտոնություններ չեն տրամադրվում, քանի որ Նիդեռլանդների կառավարությունն արդեն իսկ սուբսիդավորում է այդ ծրագրերը, իսկ միջազգային ուսանողներին` այն էլ ոչ ԵՄ երկրներից ժամանած, ոչ մի արտոնություն չեն տրամադրում։ Ընդունվելու համար անհրաժեշտ են լեզվի լավ իմացություն և ատեստատի միջինից բարձր գնահատականներ: Համացանցի տվյալներից տեղեկացանք, որ ուսման վարձը տարեկան 17-20 հազար եվրոյի սահմաններում է` կախված ծրագրից»,- գրում է թերթը:
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ Միրզոյանը Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին հանձնարարել է օգնել դստերը ցանկացած հարցում: