2025 թվականը առողջապահական համակարգի համար պատմական ու շրջադարձային էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` թվարկելով ձեռքբերումները՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումը, մասնագետների լիցենզավորման համակարգը, առողջապահական ծառայության որակի բարձրացմանն ուղղված այլ ներդրումներ:
Նախարարն իրենց կարեւորագույն ձեռքբերումը համարեց Հայաստանում կյանքի միջին տեւողության ցուցանիշը 78.6 տարի դառնալը: «Կյանքի միջին տեւողությունը՝ 2024 թվականի արդյունքներով, դարձել է 78.6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Այս ցուցանիշը միշտ տարվա կեսին է ամփոփվում, 2025 թվականի ցուցանիշը դեռ չունենք»,-ասաց Ավանեսյանը:
Առողջապահության նախարարը նկատեց նաեւ, որ համակարգային բարեփոխումների եւ արդյունավետ աշխատանքի արդյունքում նվազել է նաեւ մայրական մահացության ցուցանիշը. «2025 թվականին այս մասով մենք ունեցել ենք 1 կորուստ, եւ սա էլ չլսված ցուցանիշ է: Մանկական մահացության առումով չենք կարողացել ապահովել 2025 թվականի համար դրված թիրախը՝ այդ դեպքերն ամեն տարի նվազեցնելու առումով։ Մի շարք հանգամանքներ խաթարել են մեր դրական տենդենցը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, թունավորումների, տնային մահերի առումով ունենք դեպքերի ավելացում, որոնք հանգեցրել են նման պատկերի»:
Նրա խոսքով՝ որպեսզի մանկական մահացությունների դեպքերը նվազեն, անհրաժեշտ է նաեւ կրթական աշխատանքներ իրականացնել ծնողների հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: