ԱՄԷ-ի ազգային անվտանգության խորհրդականը ֆինանսավորում է Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը. WSJ

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ազդեցիկ պաշտոնյաներից մեկը կանգնած է այն հոլդինգի խոշորագույն բաժնեմասի հետևում, որը զբաղվում է Դոնալդ Թրամփի ընտանիքի համար կրիպտոբանկի ստեղծմամբ։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, սա էլ ավելի է ամրապնդում նրա ֆինանսական կապերը ԱՄՆ նախագահի բիզնես կայսրության հետ։

Խոսքը ԱՄԷ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական և երկրի նախագահի եղբայր շեյխ Թահնուն բին Զայեդ ալ Նահայանի մասին է։ WSJ-ի տվյալներով՝ նա վերահսկում է StringZ Holding RSC ընկերությունը, որին պատկանում է WLTC Holdings-ի 49%-ը (վերջինս ստեղծում է կրիպտոբանկը)։ Եվս 38%-ը պատկանում է Թրամփի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությանը։

2025 թվականի հունվարին Թահնունն ու այլ ներդրողներ 500 մլն դոլար էին ներդրել Թրամփի աջակցությունը վայելող World Liberty Financial կրիպտոընկերությունում՝ ստանալով բաժնետոմսերի 49%-ը։ Թրամփի 2025թ. ֆինանսական հայտարարագրի համաձայն՝ գործարքից նրա ընտանիքի կառույցները ստացել են 263 մլն դոլար։

Այս ամիս ԱՄՆ-ի արժույթի վերահսկիչի գրասենյակը նախնական հավանություն է տվել դաշնային լիցենզիայով «World Liberty» ազգային վստահառու բանկի ստեղծմանը, որը թողարկելու և պահելու է ԱՄՆ դոլարին կապված USD1 ստեյբլքոյնը։

Շահերի հնարավոր բախում

Այս գործարքները տեղի են ունենում Սպիտակ տուն Թրամփի վերադարձից հետո արտասահմանյան բիզնեսի լայնածավալ ընդլայնման ֆոնին (ըստ CNBC-ի՝ միայն առաջին տարում լիցենզավորումից ստացվել է առնվազն 59.5 մլն դոլար)։

Այնուամենայնիվ, փորձագետները մտահոգություն են հայտնում շահերի բախման վերաբերյալ։ Այն ընթացքում, երբ Թահնունը ֆինանսական խոշոր ներդրումներ էր կատարում Թրամփի նախագծերում, Վաշինգտոնը բանակցություններ էր վարում ԱՄԷ-ի հետ արհեստական բանականության առաջադեմ ամերիկյան չիպերի մատակարարման շուրջ։ Արդյունքում՝ Սպիտակ տունը թույլատրել էր չիպերի մատակարարումն ու հետագայում մեղմացրել սահմանափակումները G42 տեխնոլոգիական ընկերության համար, որը նույնպես վերահսկվում է շեյխ Թահնունի կողմից։

Leave a comment