Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ճիշտ նկարագրել գործող համակարգը՝ սխալ ակնկալիքներից խուսափելու համար
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ պարզաբանումներ է ներկայացրել ապահովագրական համակարգի շրջանակում բուժօգնություն ստացող այն քաղաքացիների վերաբերյալ, որոնք բժշկական կենտրոններում բախվում են հիվանդասենյակների համար հավելյալ վճարումներ կատարելու խնդրին։
Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ճիշտ նկարագրել գործող համակարգը՝ սխալ ակնկալիքներից խուսափելու համար։
«Բուժօգնությունը Հայաստանում անվճար չէ, ապահովագրության շրջանակում անվճար ոչինչ չի լինում։ Պետությունը հստակ ծառայությունների համար, որոնց ցանկը հրապարակված է, ունի ապահովագրական փաթեթ՝ առավել փոխհատուցման գներով։ Այո, ծառայությունների գերաճնշող մասով քաղաքացին այդ ծառայությունը ստանալուց որևէ հավելյալ վճար չի անում, այսինքն՝ իր փոխարեն ամբողջությամբ վճարում է ապահովագրական հիմնադրամը», – նշել է Ավանեսյանը։
Անդրադառնալով այն դեպքերին, երբ նույն սոցիալական խմբի քաղաքացիներից մեկը ստանում է անվճար պալատ, իսկ մյուսը ստիպված է լինում վճարել հիվանդասենյակի համար՝ Ավանեսյանը հայտարարել է, որ այստեղ խտրականություն չկա։
Ըստ նախարարի՝ բժշկական կենտրոններում վճարովի պալատներ կան և շարունակելու են լինել, և եթե տվյալ բժշկական կենտրոնում սպառվել է սովորական մահճակալային ֆոնդը, որը VIP կամ առանձնացված խնամքով պալատ չէ, ապա քաղաքացին պետք է վճարի դրա համար։
«Եթե քաղաքացին չի ուզում վճարել, ուրեմն պետք է ընտրի այլ բժշկական կենտրոն, որտեղ այդ պալատները, այդ մահճակալները հասանելի են։ Մեր բժշկական կենտրոնների հնարավորություններն էլ անսահման չեն, և պետությունը չի ասել, որ ծառայությունը բոլոր դեպքերում պետք է ապահովի հենց կոնկրետ բժշկական կենտրոնում», – նշել է նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ պետության նպատակն է հոգալ ժողովրդի անհրաժեշտ բժշկական ծառայությունները, ինչն էլ անում է ներկայիս համակարգը, սակայն հավելյալ կոմֆորտը և խնամքն արդեն մասնավոր ապահովագրական համակարգի հոգածության հարց է։