Վանաձորում տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Էմտա Գրուպ» ՍՊԸ-ի՝ Վանաձորում գործող տոմատի մածուկի արտադրամասում հայտնաբերել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Արտադրական գործունեությունը կասեցվել է, իսկ տնտեսավարողին ժամկետ է տրվել խախտումները վերացնելու համար։

ՍԱՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել «Էմտա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝
– սննդամթեքի հետ շփման մեջ գտնվող գույքը չի գտնվել նորոգ վիճակում, մակերեսը եղել է անհարթ, որի պատճառով հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,
– սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Leave a comment