Փաշինյանն ու Մոդին քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության զարգացումը տնտեսության մի շարք ոլորտներում

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման փաստը և կարևորել փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը


ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում։


Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է Բիշքեկում։


Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման փաստը և կարևորել փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:


Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին շեշտել են, որ Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել և պատրաստակամություն հայտնել շարունակելու ջանքերը՝ այն էլ ավելի խորացնելու նպատակով:


Ընդգծվել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հետագա կազմակերպումը կօժանդակի գործընկերության խորացմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:


Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հնդկաստանի վարչապետին հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու հրավերը և պատրաստակամություն հայտել նույնպես պատեհ առիթով այցելել Հնդկաստան։


Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացման ընթացքին:


 

Leave a comment