«Օվերտոնի պատուհան չէ, շուշաբանդ են բացել»․ Աշոտյանը` քաղաքական բանտարկությունների մասին

Բաժանորդագրվել

Արմեն Աշոտյանը պնդում է՝ տնային կալանքն ավելի թեթև չէ, քան կալանքը։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Այսօր ապօրինությունն ու բանտարկությունը Հայաստանում սովորական են դարձել։ Բրյուսովի անվան համալսարանի գործով նիստի հետաձգումից հետո Հակակռուպցիոն դատարանի դիմաց նման հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի որոշմամբ Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Գործով անցնող մեղադրյալ, համալսարանի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի (որի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքով) և նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը մնացին անփոփոխ։

«Տնային կալանքը հավասարեցված է կալանքի։ Մարդիկ թող չմտածեն, թե դա ավելի թեթև ռեժիմ է։ Կա մի բայց այս ամենում։ Նախորդ կալանքիս ժամանակ 8 քաղբանտարկյալ կար, այսօր մարդ ամաչում է իր տնային կալանքից խոսի։ Գագիկ Ծառուկյանից մինչև Արեգնազ Մանուկյան, Ռոբերտ Քոչարյանից մինչև Անդրանիկ Թևանյան, իմ ընկեր Սարգսյանից մինչև Աշոտ Երկաթ (Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյան) պրոբլեմբերի մեջ են, մարդիկ անազատության մեջ են բառի «ճաղային» իմաստով»,- նշեց Աշոտյանը։

Ընդգծեց՝ իրականում ՔԿՀ-ներում գտնվող անձինք հոգեբանական աջակցության կարիք ունեն. ոչ ոք չի տեսնում, թե ինչ վիճակ է այդ 12-15 քմ խցերում։

«Այսօր ապօրինությունը սովորական է, բանտարկությունը սովորական է, անբարոյականությունը սովորական է։ Մեզ օվերտոնի պատուհան չէ, շուշաբանդ են բացել այն աստիճանի, որ ամեն ինչ նորմալ է դարձել, բայց իրականում ոչինչ էլ նորմալ չէ»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։

Leave a comment