Ես փնտրում եմ և չեմ տեսնում մեր նախորդիվ պատմության մեջ որևէ մի ժամանակաշրջան, որտեղ մենք մեր առջևում 99 տարվա հեռանկար ենք ունեցել, ասել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ-ը ՀՀ-ում 99 տարով, առնվազն 99 տարով, իրականացնում է ներդրումային ծրագիր:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է, որ ՀՀ-ն որպես անկախ, ինքնիշխան պետություն, գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, և այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր։
«Ես փնտրում եմ և չեմ տեսնում մեր նախորդիվ պատմության մեջ որևէ մի ժամանակաշրջան, որտեղ մենք մեր առջևում 99 տարվա հեռանկար ենք ունեցել, 99 տարվա պլան ենք ունեցել և այդ 99 տարվա պլանը մենք գծագրել ենք, նախագծել ենք աշխարհի թիվ մեկ գերտերության հետ», -նշել է Փաշինյանը։
Վարչապետը պարզաբանել է նաև ծրագրի տոկոսային հարաբերակցությունը և ընդգծել, որ 50 տարի հետո այն փոխվելու է, և ՀՀ-ն ունենալու է արդեն 49 % բաժնեմաս։
Նրա խոսքով՝ սա պայմանավորված է այն հաշվարկով, որ միլիարդավոր ներդրումներ կատարող կողմը պետք է հնարավորություն ունենա հետ գնելու իր ներդրումները և ստանալու շահույթ։
«Հիմա խնդիրը նրանում է, որ ցանկացած ներդրող, ընդ որում՝ բոլոր ներդրումային ծրագրերում, այդ թվում՝ Հայաստանում, երբ ներդրում է անում, ինքն ուզում է ունենալ որոշակի երաշխիքներ, որ այդ փողերը հետ կբերի՝ որոշակի շահույթով, որովհետև հակառակ դեպքում ինչի՞ է ներդրում անում», ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը նաև խոստովանել է, որ սկզբնական շրջանում իրենք նույնպես որոշակի անհանգստություն և «դիսկոմֆորտ» են ունեցել 50 և 99 տարվա ժամկետների հետ կապված, սակայն որոշակի պահի արձանագրել են, որ հարցին պետք է նայել այլ դիտանկյունից։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։