Փոքրիկ սրճարանից մինչև Գինեսի ռեկորդների գիրք․ ինչպես է «Երեմյան»-ը 20 տարում փոխել հայկական խոհանոցի աշխարհը

«Երեմյան» ընկերությունների խումբը պարզապես բիզնես չի կառուցել, այն փոխել է ռեստորանային մշակույթը Հայաստանում և երկու անգամ ընդգրկվել  Գինեսի ռեկորդների գրքում


ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Երեմյան» ընկերությունների խումբը իր ոլորտում ամենախոշորներից է․ 18 ռեստորան, երկու ագրոհամալիր, կաթնամթերքի գործարան, Երեմյան խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա, ինչպես նաև շուրջ 2600 աշխատակից։ Այս ամենը ստեղծվել է ընդամենը 20 տարվա ընթացքում՝ փոքր ընտանեկան բիզնեսից։ Ընկերությունը ոչ միայն բիզնես է կառուցել, այլև փոխել է Հայաստանում ռեստորան այցելելու մշակույթը, մոռացված լինելուց փրկել հայկական խոհանոցի 150 հին բաղադրատոմս, նպաստել առողջ սովորությունների ձևավորմանը և երկու անգամ ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում։


Մշտապես նոր տեսականի և հավատարմության ծրագրեր





«Մենք անընդհատ ընդլայնում ու թարմացնում ենք մեր տեսականին, նոր մոտեցումներ ենք փնտրում։ Ունենք հավատարմության ծրագրեր։ 20 տարին այդքան էլ մեծ տարի չէ, դեռ շատ բան ունենք սովորելու»,- «Նովոստի-Արմենիա»-ի հարցերին պատասխանելով՝ ասել է «Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։


Նրա խոսքով՝ մինչ այժմ արվածը ընդամենը նախատեսվածի շուրջ 10%-ն է։ «Երեմյան»-ը մշտապես ուսումնասիրում է շուկայի պահանջները, ինչի վկայությունն են ժամանակին գործարկված «Լիվինգսթոն» և «Ռենոմե» ռեստորանները, որոնք ներկայացնում են բարձր հեղինակային խոհանոցներ։


2019 թվականից ընկերությունը իրականացնում է նաև «Սնունդ բանակի համար» ծրագիրը։


«Մենք միշտ ակտիվ ենք արձագանքել նաև երկրում կատարվող իրադարձություններին։ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին մեր ամբողջ թիմը միացավ զինված ուժերին սնունդով ապահովելու գործին»,- նշել է Դավիթ Երեմյանը։


 Success Story․ փոքր ընտանեկան բիզնեսից մինչև առաջատար ընկերություն





Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիրների գլխավոր նպատակը ոչ թե պարզապես բիզնես անելն էր, այլ Հայաստանում ռեստորան այցելելու մշակույթը փոխելը։


«2006-ին, երբ մենք սկսեցինք, ռեստորան քիչ էին այցելում, որովհետև դրանք ասոցացվում էին հիմնականում տղամարդկանց հանգստի հետ և համարվում էին թանկ հաճույք»,- ասել է նա։


Նա ընդգծել է, որ հյուրընկալության բիզնեսում և գյուղատնտեսության ոլորտում առկա բացերն իրեն դրդել են աշխատել այդ ուղղություններով։ Իր դերն է խաղացել նաև կորոնավիրուսի համավարակը․ ռեստորանները փակվել էին, և պետք էր շտապ շուկա գտնել արտադրվող կաթնամթերքի համար, քանի որ մինչ այդ ընկերությունը կաթնամթերք էր արտադրում բացառապես միայն սեփական ռեստորաններում սպառման համար։


Գյուղատնտեսություն





«Սա բարդ ոլորտ է, որը ամեն օր բարդ լուծումներ է պահանջում։ Բայց մենք չենք հրաժարվում մեր քաղաքականությունից և նպատակներից։ Մեր առաջնահերթությունները որակն ու պատասխանատվությունն են սպառողների առաջ։ Թերահավատությունը մեզ չի կարող կանգնեցնել»,-հայտարարել է Դավիթ Երեմյանը։


Նրա խոսքով՝ բազմաթիվ գաղափարներ առաջացրել են ոչ միայն քննադատություն, այլև կասկածներ՝ իրենց հաջողության հարցում։


Ըստ նրա՝ ընկերության առաջնահերթությունը միշտ եղել է ներքին շուկան՝ Հայաստանի բնակչությանը որակյալ մթերքով և ծառայությամբ ապահովելը։ Դրանով էլ բացատրվում են կաթնամթերքի համեմատաբար փոքր արտահանման ծավալները դեպի Վրաստան և Ռուսաստան։


«Երեմյան ընկերությունների խումբը 20 տարվա ընթացքում սահմանել է նոր չափանիշներ Հայաստանի հյուրընկալության ոլորտում և որակապես նոր մակարդակի բարձրացրել կաթի ու կաթնամթերքի արտադրությունը»,-ամփոփել է նա։


Աննախադեպ նորարարություններ.
«
Երեմյան»-ի ռեկորդները





«Երեմյան» ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրենը, գլխավոր տնօրենի տեղակալը և կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը հիշեցրել է, որ ընկերությունը գործում է երեք ուղղություններով՝ հյուրընկալություն, գյուղատնտեսություն և մասնագիտական կրթություն։


Նրա խոսքով՝ հյուրընկալության ոլորտում հիմնական նպատակներն են՝ հին հայկական բաղադրատոմսերի վերականգնումն ու հանրահռչակումը, ազգային ավանդույթների պահպանումը և զբոսաշրջության խթանումը։

«Մենք ուզում ենք Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհի գաստրոտուրիզմի քարտեզի վրա»,- նշել է նա։


Նա հիշեցրել է, որ գյուղատնտեսության ոլորտում ընկերությունը ներդրել է Հայաստանի համար աննախադեպ «Սերմից մինչև սեղան» հայեցակարգը։ Դա նշանակում է վերահսկողություն կաթնամթերքի արտադրության յուրաքանչյուր փուլում՝ հողագործությունից, անասնակերի աճեցումից, մաքրացեղ կենդանիների խնամքից, առողջությունից, փակ շղթայով Ա կարգի կաթի ստացումից մինչև տեղափոխում Երեմյան գործարան, վերամշակում, տեղափոխում վաճառակետեր։


Որակի վերահսկում


«Երեմյան» ընկերությունների խմբի հիմնական արժեքները որակն ու նորարարություններն են։ Ավելի քան 2600 աշխատակից ունենալով՝ այն ամենախոշորն է հյուրընկալության ոլորտում, ինչպես նաև այս ոլորտի խոշորագույն հարկատուն է։


Լուսինե Երեմյանը նշել է նաև, որ «Երեմյան»-ի հիմնած «Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան» արդեն ունի 2600-ից ավելի շրջանավարտ, որոնք աշխատում են տարբեր երկրներում՝ դառնալով հայկական խոհարարական մշակույթի յուրօրինակ «դեսպաններ»։


«Ընկերությունը գործում է ավելի քան 27 բիզնես-ուղղություններով․ ունի 18 ռեստորան՝ 13 կոնցեպտի շրջանակում, երկու սմարթ ագրոհամալիր՝ Հայաստանի էկոլոգիապես մաքուր մարզերում, կաթնամթերքի գործարան, պահածոների գործարան, քեյթրինգային և առաքման ծառայություններ։ Ընկերությունն ունի երեք սերտիֆիկատ՝ սննդի անվտանգության միջազգային FSSC 22000, մանկական կաթի սերտիֆիկատ և «Ա» կատեգորիայի սերտիֆիկատ՝ ամբողջական կաթի համար։


Սոցիալական պատասխանատվություն


Սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացվում է «Կաթ դպրոցներում» ծրագիրը, որի շնորհիվ մարզերի և Երևանի դպրոցների աշակերտները ամեն օր ստանում են մեկ բաժակ օգտակար և որակյալ կաթ։


«Երեմյան»-ը՝ թվերով և ռեկորդներով





 20 տարվա ձեռքբերումների վիճակագրություն․


·       Ռեստորանների այցելուների ընդհանուր թիվը՝ 15 մլն, որոնցից 7 մլն-ը՝ զբոսաշրջիկներ։


·       Վերականգնվել և արդիականացվել է հին ազգային ուտեստների 150 բաղադրատոմս։ Այժմ ընկերության ռեստորաններում ներկայացված են 1000-ից ավելի ուտեստներ։


·       Արտադրվել է 28 մլն լիտր որակյալ կաթ։


·       Մշակվել է 1200 հա հողատարածք։


·       Ընկերությունը երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ աշխարհի ամենամեծ գաթայի համար և «Կաթի միջազգային օրը» Երևանում անցկացնելու համար, երբ աննախադեպ թվով մարդիկ մեկ ժամում խմել են մեկ բաժակ կաթ։


 

Leave a comment