ԱԳՆ ղեկավար կազմն ու արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ։
Տարեկան աշխատաժողովի շրջանակում կազմակերպված շրջայցի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման ու վերազինման նպատակով կատարված աշխատանքները՝ շեշտելով, որ այն պատրաստ է շահագործման։
Հայկական կողմը վերակառուցել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը՝ այդ նպատակով ծախսելով մոտ 1 միլիարդ դրամ, մինչդեռ սահմանի մյուս կողմում Թուրքիան դեռ չի շտապում բացել իր «Ալիջան» անցակետը։ Երևանն ու Անկարան դեռևս 2022 թվականին՝ չորս տարի առաջ, պայմանավորվել էին երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացել «ամենասեղմ ժամկետներում»։
Մայիսի կեսերին Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ հայ-թուրքական երկխոսությունն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի հնարավոր է հասնել ամբողջական կարգավորման՝ նաև տնտեսական լուրջ ձեռքբերումներով։
Հայ-թուրքական սահմանը փակ է 1990-ականների սկզբից։ Մայիսի սկզբին Երևան ժամանած թուրք բանագնաց Սերդար Քըլըչը հրաժարվել էր հայտնել, թե Անկարան երբ է նախատեսում բացել Հայաստանի հետ սահմանը։