ԱՄՆ զինված ուժերն օգոստոսի 30-ին հարված են հասցրել իրանական երկու հրթիռային կայանների Հորմուզի նեղուցում գտնվող Լարեկ կղզում։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, այդ թվում՝ CBS News-ը և Axios-ը։ Նշվում է, որ սա Միացյալ Նահանգների առաջին հարվածն է Իսլամական Հանրապետությանը հուլիսի վերջից ի վեր, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստվում էր Հորմուզի նեղուցի ուղղությամբ ծովային ականներ կրող հրթիռներ արձակել։ CENTCOM-ի մամուլի քարտուղար Թիմ Հոքինսը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության ուղիների ականազերծումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նշել էր, որ Թեհրանին տեղեկացվել է՝ ականներ տեղադրող ցանկացած նավ «անմիջապես և համակարգված կերպով կոչնչացվի»։
Լարեկ կղզին գտնվում է Իրանի ափերից մի քանի ծովային մղոն հեռավորության վրա: Կղզու վրա գտնվող թիրախներին ամերիկյան հարվածներին արձագանքելով՝ ԻՀՊԿ-ն սպառնացել է, որ ԱՄՆ-ը «կվճարի թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական առումով»: Tasnim լրատվական գործակալությունը, որը կապված է ԻՀՊԿ-ի հետ, հաղորդել է, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով։ Ամերիկյան հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։
Ժամեր անց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Հորդանանում գտնվող երկու ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների մասին։ Իրանի խոսքով՝ թիրախները եղել են տեխնիկական ենթակառուցվածքների օբյեկտները, սպասարկման օբյեկտները և կործանիչների դիրքերը։ Հորդանանի բանակը, իր հերթին, հայտարարել է թագավորության օդային տարածքը խախտած ութ հրթիռների որսման մասին։
Բացի այդ՝ Իրանի բանակը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Մինհադ ավիաբազայի վրա։ Բանակը հայտարարել է, որ հարձակումը թիրախավորել է այն վայրերը, որտեղ տեղակայված էին ամերիկյան ուժերը և ուղղաթիռները բազայում։ Նշվում է, որ հարձակումը Լարակ կղզում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրանցի քաղաքացիական անձանց սպանության պատասխանն էր։
Իրանի Հեղափոխական պահապանների կորպուսն էլ (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցի վրայով հակաօդային պաշտպանության հրթիռներով խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք, որի հետևանքով այն ընկել է Պարսից ծոցի ջրերը։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ հայտարարությանը։
ԱՄՆ զինված ուժերը հուլիսի վերջից ի վեր Իրանին հարվածներ չէին հասցրել։ Թրամփը համապատասխան հրամանը բացատրել է որպես Թեհրանի հետ Հորմուզի նեղուցի ճակատագրի, ինչպես նաև պատժամիջոցների և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու ցանկություն։
Իրանի հետ պատերազմի կարգավորման գործում առաջընթացի բացակայության պայմաններում Դոնալդ Թրամփը «տնտեսական պատերազմ» է հայտարարել Իսլամական Հանրապետությանը։ Մինչ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել առանձին ընկերությունների և անհատների նկատմամբ, մինչ օրս որևէ լայնածավալ միջոցառում չի իրականացվել Թեհրանին եկամտի աղբյուրներից զրկելու համար։
Հորմուզի նեղուցը, որը կենսական դեր է խաղում համաշխարհային նավթի մատակարարման գործում, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի հիմնական վիճելի կետերից մեկն է: Մարտական գործողություններից առաջ այն բաց էր նավագնացության համար: Այսօր թե՛ իրանական, թե՛ ամերիկյան զինվորականները պնդում են դրա նկատմամբ իրենց վերահսկողության մասին:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի