Փաշինյանը Բիշքեկում է․ Ինչ են քննարկելու Պուտինի հետ (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան՝ Բիշքեկում մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։

Այցի ընթացքում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ ՀՀ վարչապետն ու Պուտինն անդրադառնալու են Հայաստանում ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ ապագայի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու թեմային։

«Նախագահը, իհարկե, կօգտագործի այս հանդիպումը, որպեսզի ևս մեկ անգամ ներկայացնի մեր փաստարկները։ Բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հենց իրենք՝ հայերը։ Եվ, իհարկե, սեփական ճակատագրի վերաբերյալ որոշումը կայացնելու են հենց հայերը։ Եվ մենք հենց առաջարկում ենք նրանց դա անել՝ հանրաքվե անցկացնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ կարող է կանգնեցնել Հայաստանի՝ ՌԴ-ից հեռանալու գործընթացը։

Խոսնակը նաև հավելել է, որ Հայաստանում հանրաքվե անցկացնելու առաջարկ են ներկայացրել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, որոնք Աստանայում վերջերս կայացած գագաթնաժողովում համապատասխան հայտարարություն են ընդունել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը նաև կարևոր է համարել Պուտինի և Փաշինյանի միջև յուրաքանչյուր շփում։

Ղրղզստանում ՇՀԿ գագաթնաժողովը կայանալու է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Leave a comment