Մի՛ անտեսեք երեխայի վախը․ երբ է այն բնական, իսկ երբ՝ տագնապի ազդանշան․ մեկնաբանում է հոգեբան Ժենյա Վարդանյանը

Երեխայի համար ուսումնական տարվա սկիզբը, ծնողներից բաժանվելը, մթությունը, կենդանիները կամ նույնիսկ բժշկին այցելությունը կարող են լուրջ վախի պատճառ դառնալ։ Բայց արդյո՞ք յուրաքանչյուր վախ պետք է անհանգստացնի ծնողին։ Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում մանկական վախերի շուրջ զրուցել ենք հոգեբան, քոուչ Ժենյա Վարդանյանի հետ։

-Տիկին Վարդանյան, որո՞նք են երեխաների ամենատարածված տարիքային վախերը, և ինչո՞վ են դրանք պայմանավորված։ Արդյո՞ք դրանք զարգացման բնականոն ընթացքի մի մասն են։

-Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, որոնց հույզերն ու զգացողությունները հարգվում են, սովորաբար շրջապատի հետ հարաբերություններում ավելի կայուն են լինում և ավելի ինքնավստահ՝ սեփական ուժերի նկատմամբ։ Վախերը ևս երեխաների հույզերի, զգացողությունների մաս են կազմում, սակայն երեխաների վախերի մասին խոսելիս նախ կարևոր է տարբերակել վախն ու տագնապը։

Եթե երեխան ասում է՝ «Ես վախենում եմ, բայց չգիտեմ՝ ինչից», և հնարավոր չէ գտնել վախի կոնկրետ պատճառը, ապա այս դեպքում, ամենայն հավանականությամբ, գործ ունենք տագնապի հետ։ Իսկ եթե երեխան հստակ ասում է՝ «Ես վախենում եմ սարդից», «Ես վախենում եմ մթությունից», «Վախենում եմ, որ մայրիկս կողքիս չի լինի», ապա խոսքը կոնկրետ վախի մասին է։

Կարևոր է նաև հասկանալ՝ տվյալ վախը տարիքայի՞ն է, թե արդեն մասնագիտական ուշադրություն է պահանջում։ Տարիքային վախերը երեխայի բնականոն զարգացման մի մասն են։ Դրանք բնորոշ են զարգացման որոշակի փուլերին և համապատասխան մոտեցման դեպքում ժամանակի ընթացքում սովորաբար ինքնուրույն անցնում են։

Եթե տարատեսակ վախերը կամ կոնկրետ վախը երկար ժամանակ պահպանվում է, խանգարում է երեխայի առօրյային և սկսում է ազդել նրա քնի, ախորժակի, տրամադրության կամ սոցիալական վարքի վրա, ապա արդեն անհրաժեշտ է դիմել մասնագետի։

-Ի՞նչ բնույթի վախեր են բնորոշ տարիքային տարբեր փուլերին։

-Մինչև 3 տարեկանը երեխայի մոտ կարող է դրսևորվել ծնողներից բաժանվելու վախը, բարձր ձայներից վախը։ Հետագայում կարող են ի հայտ գալ կենդանիներից, տարբեր կերպարներից կամ հեքիաթների հերոսներից վախերը։

Երեք տարեկանի շրջանում կարևոր է հաշվի առնել նաև «ես»-ի ձևավորման փուլը։ Երեխան հաճախ ասում է․ «Ես ինքս»։ Այս շրջանում մեծահասակի կարևոր խնդիրներից մեկը երեխայի ինքնուրույնությունը խրախուսելն է։

Մոտ 7 տարեկանում երեխան ավելի զգայուն է դառնում դիտողությունների, քննադատության և պատժի նկատմամբ։ Դպրոց հաճախելու սկիզբը ևս նոր վախերի առաջացման պատճառ կարող է դառնալ․ երեխան կարող է վախենալ, որ առաջադրանքը լավ չի կատարի, ուսուցիչը դիտողություն կանի իրեն կամ իրենից դժգոհ կլինի։

Այստեղ կարևոր է ոչ միայն վախի հետ աշխատելը, այլև երեխայի ջանքերը նկատելն ու խրախուսելը։ Օրինակ՝ կարելի է ասել․ «Չնայած վախեցար, բայց կարողացար դա անել», «Այս անգամ քեզ մոտ ավելի լավ ստացվեց», «Օր օրի ավելի լավ է ստացվում»։

Դեռահասության շրջանում արդեն ավելի մեծ նշանակություն է ստանում հասակակիցների կարծիքը։ Երեխան կարող է վախենալ մերժվելուց, չընդունվելուց, սոցիալական միջավայրում իրեն անհարմար զգալուց։ Ավելի ուշ կարող են առաջանալ մասնագիտության ընտրության, ապագայի, հարաբերությունների, ընտանիք կազմելու և ֆինանսական կայունության հետ կապված վախեր։

Այս իմաստով վախերը կարող են ուղեկցել մարդուն կյանքի տարբեր փուլերում՝ փոխելով իրենց բովանդակությունը։

Կցանկանայի ընդգծել, որ ամեն դեպքում շատ կարևոր է երեխայի վախը չանտեսելը, կարևոր է, որ մեծահասակը ցուցաբերի հետաքրքրություն, հոգատարություն, հոգածություն երեխայի վախի նկատմամբ նշելով՝ «Դու մենակ չես», «Ես քո կողքին եմ», «Եկ պատկերացնենք, թե ինչն էր վախեցնող», «Գուցե միասի՞ն փորձենք հաղթահարել», «Ես քեզ կօգնեմ հաղթահարել քո վախերը»։

Նաև ծնողներին խորհուրդ կտամ հնարավորության դեպքում ուսումնասիրել հոգեբան Ալեքսանդր Զախարովի «Երեխաների ցերեկային և գիշերային վախերը» գիրքը, որը մանրամասն անդրադառնում է մանկական վախերի պատճառներին և երեխային օգնելու մեթոդներին։

-Մեծահասակի վախը կարո՞ղ է փոխանցվել երեխային։

-Մանկական վախերի առաջացման վրա կարող է ազդել նաև այն, թե ինչպես են մեծահասակները արձագանքում տարբեր իրավիճակներին։

Կա, այսպես կոչված, ներշնչված վախ, երբ ծնողն իր վարքով կամ խոսքով երեխայի մոտ վախի զգացում է առաջացնում։ Օրինակ՝ երեխան խաղում է դրսում, իսկ ծնողն ասում է․ «Արի տուն գնանք, մութը կընկնի, կվախենաս»։ Երեխայի մոտ կարող է աստիճանաբար ձևավորվել մթության նկատմամբ վախ, նույնիսկ եթե նախկինում նման վախ չի ունեցել։

Ընդ որում՝ այդ վախը կարող է մի փուլում չդրսևորվել, իսկ հետագայում՝ մեկ այլ տարիքում ի հայտ գալ։

Հետևաբար` մեծահասակները պետք է զգույշ լինեն իրենց սեփական վախերն ու անհանգստությունները երեխային չներշնչելու հարցում։

-Ծնողներից հաճախ կարող ենք լսել  նաև նման արտահայտություններ, ասենք՝ «Եթե չուտես, բժիշկը կգա»։

-Վերը նշված մեխանիզմով կարող են աշխատել նաև այն սպառնալիքները, որոնք ծնողները երբեմն օգտագործում են, որպեսզի ստիպեն երեխային ինչ-որ բան անել։

Օրինակ՝ «Եթե ճաշդ չուտես, բժիշկը կգա ու կսրսկի քեզ» արտահայտությունը կարող է երեխայի մոտ բժշկի և բժշկական միջամտությունների նկատմամբ վախ ձևավորել։

Հետագայում, երբ երեխան իսկապես բժշկի այցելելու անհրաժեշտություն ունենա, կարող վախենալ, և ծնողը նույնիսկ չհասկանա, թե որտեղից է առաջացել այդ վախը։ Իսկ իրականում դրա պատճառը կարող է թաքնված լինել նախկինում իր կողմից ներշնչված զգացողության մեջ։

Նույնը վերաբերվում է ոստիկանով, հրեշներով, պատժով կամ այլ կերպարներով երեխային վախեցնելուն։

-Արդյո՞ք պետք է երեխային ստիպել առերեսվել իր վախին։

-Երեխային հանկարծակի իր վախի հետ առերեսելը, օրինակ՝ մութ սենյակում մենակ թողնելը կամ վախեցնող կենդանուն ստիպողաբար մոտեցնելը, արդյունավետ մոտեցում չէ։

Կարևոր է, որ երեխան իր վախի հետ մենակ չմնա և զգա, որ ծնողը կամ մեծահասակն իր կողքին է։

Օրինակ՝ եթե երեխան վախենում է մութ սենյակում քնելուց, կարելի է սկզբում նրա կողքին նստել, զրուցել կամ միասին հանգիստ զբաղմունք կազմակերպել։ Հետագայում ծնողը կարող է աստիճանաբար ավելի հեռու նստել, հետո՝ դռան մոտ, մինչև երեխան կարողանա ինքնուրույն քնել։

Այսպիսով՝ վախի հաղթահարումը պետք է տեղի ունենա աստիճանաբար, ոչ թե ստիպելով կամ երեխային հանկարծակիի բերելով։

-Եկեք երեխայի վախը հաղթահարելու կոնկրետ իրավիճակ քննարկենք, ասենք՝ եթե երեխան վախենում է շնից։

-Նախ՝ կարևոր է պարզել՝ վախի օբյեկտը կոնկրետ որն է։

Եթե երեխան վախենում է շնից, կարելի է հարցնել՝ հատկապես ի՞նչն է իրեն վախեցնում՝ շան ատամները, աչքերը, ականջները, չափը, ձայնը, թ՞ե հենց կենդանու կերպարը։

Երեխայի հարուստ երևակայությունը կարելի է օգտագործել վախը հաղթահարելու համար։ Օրինակ՝ կարելի է առաջարկել վախեցնող կերպարը վերածել զվարճալի կերպարի։ Եթե երեխան վախենում է շան ատամներից, կարելի է միասին նկարել դրանք կամ պատկերացնել, թե ինչպես են դրանք ծածկված բամբակով։ Եթե վախեցնում է շան կերպարը, կարելի է այն նկարել որպես ծաղրածու։

Այս ամենը կարելի է անել խաղի միջոցով։ Երեխային կարելի է հարցնել․ «Ինչպե՞ս կարող ենք հաղթել քո վախին»։ Երբ երեխան ինքն է առաջարկում լուծումը, դա նրան տալիս է վերահսկողության և սեփական ուժերի նկատմամբ վստահության զգացում։

-Իսկ հեքիաթներն ու մուլտֆիլմերը կարո՞ղ են վախ առաջացնել։

-Այո, որոշ հեքիաթներ, մուլտֆիլմեր կամ տեսանյութեր կարող են երեխայի մոտ վախ առաջացնել, սակայն արձագանքը անհատական է։

Միևնույն կերպարը մի երեխայի մոտ կարող է վախ առաջացնել, իսկ մյուսի մոտ՝ հետաքրքրություն։ Դա կախված է երեխայի խառնվածքից, ներաշխարհից, հուզական առանձնահատկություններից և այն բանից, թե ինչպես է նա ընկալում ստացած տեղեկատվությունը։

Հատկապես կարևոր է վերահսկել երեխայի կողմից օգտագործվող թվային բովանդակությունը։ Մուլտֆիլմերը, տեսանյութերը, խաղերը և այլ էկրանային բովանդակություն կարող են պարունակել երեխայի տարիքին անհամապատասխան վախեցնող կերպարներ կամ իրավիճակներ։

-Իսկ որո՞նք են ամենատարածված գիշերային վախերը։

Գիշերային վախերից տարածված են մթության, մենակ մնալու և ծնողներից բաժանվելու վախերը։

Երեխան կարող է ասել՝ «Ես ուզում եմ ձեր կողքին քնել» կամ «Չեմ ուզում մենակ մնալ սենյակում»։

Այստեղ նույնպես մոտեցումը պետք է անհատական լինի։ Որոշ երեխաների համար փոքրիկ գիշերային լույսը կարող է օգնել, որպեսզի նրանք ավելի հանգիստ քնեն, իսկ մեկ ուրիշ երեխայի համար նույնիսկ այդ լույսը կարող է վախի պատճառ դառնալ։

-«Ի՞նչ կար վախենալու» ասելը ճի՞շտ մոտեցում է։

-Երբ երեխան վախենում է, ծնողը չպետք է անտեսի նրա զգացողությունը կամ ասի՝ «Ի՞նչ կար վախենալու», «Դու արդեն մեծ ես», «Դա վախենալու բան չէր»։

Ավելի արդյունավետ է ասել․ «Ես տեսնում եմ, որ դու վախենում ես։ Եկ միասին հասկանանք՝ ինչի՞ց ես վախենում, և ես կօգնեմ քեզ հաղթահարել դա»։

Կարելի է երեխային տալ ուղղորդող հարցեր․

-Ի՞նչն էր քեզ համար դժվար։

-Ի՞նչն էր հեշտ։

-Ի՞նչ մտածեցիր, երբ վախեցար։

-Ի՞նչն առաջինը քեզ վախեցրեց։

-Եթե քո վախը կենդանի լիներ, ինչպիսի՞ կենդանի կլիներ։

-Եթե այն կերպար լիներ, ինչպիսի՞ն կլիներ։

Երեխային հնարավորություն տալով խոսել իր վախի մասին՝ մենք օգնում ենք նրան հասկանալ սեփական զգացողությունները և աստիճանաբար հաղթահարել դրանք։

Եթե երեխան ընդհանրապես դժվարանում է նկարագրել կամ խոսել իր վախի մասին, դա կարող է վկայել այն մասին, որ վախն ավելի խորն է, քան առաջին հայացքից թվում է։

Նաև կցանկանայի ընդգծել, որ երեխայի վախերի վրա կարող են ազդել նաև ընտանիքում տեղի ունեցող փոփոխությունները՝ վեճերը, կոնֆլիկտները, ծնողների միջև լարվածությունը կամ բաժանությունը։

Երեխան կարող է վախենալ, որ ծնողները կբաժանվեն, որ հայրիկը չի վերադառնա, կամ ինքը մենակ կմնա։ Այս իրավիճակներում կարող են առաջանալ նաև մենակության և լքված լինելու վախեր։

Հետևաբար` երեխայի հուզական անվտանգության համար կարևոր է հնարավորինս կայուն և կանխատեսելի միջավայր ստեղծելը։

-Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել հոգեբանի։

-Մասնագետի դիմելու անհրաժեշտության մասին կարող են հուշել մի շարք նշաններ։

Օրինակ՝ եթե երեխայի մոտ առաջանում են քնի խնդիրներ․ նա գիշերները հաճախ արթնանում է, ասում է, որ վատ երազներ է տեսնում, չի ցանկանում մենակ քնել, կամ վախը սկսում է ազդել նրա առօրյայի վրա։

Ուշադրության են արժանի նաև ախորժակի փոփոխությունները, տրամադրության անկումը և ֆիզիոլոգիական դրսևորումները։ Եթե երեխան վախի ժամանակ ասում է, որ շունչը կտրվում է կամ ունենում է արտահայտված մարմնական այլ զգացողություններ, անհրաժեշտ է մասնագիտական գնահատում։

-Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս կարող է մարդն ինքնուրույն աշխատել իր վախերի հետ։

-Մեծահասակն արդեն կարող է ինքնուրույն անդրադառնալ իր վախերին՝ փորձելով հասկանալ դրանց պատճառները, խոսել սեփական զգացողությունների մասին և ինքնավերլուծության միջոցով հասկանալ, թե ինչ է իրականում իրեն անհանգստացնում։

Կարևոր է նաև ունենալ կանոնակարգված և բովանդակալից առօրյա։ Աշխատանքը, հանգիստը, ժամանցը, անձնային և մասնագիտական զարգացումը պետք է իրենց տեղն ունենան, և մարդը քայլ առ քայլ ձգտի բարելավել իր կյանքի որակը

Տարբեր մարդկանց համար ներքին հավասարակշռության աղբյուրը կարող է տարբեր լինել․ մեկի համար դա սպորտն է, մյուսի համար՝ գիրք կարդալը, մեկ ուրիշի համար՝ ընկերների հետ շփումը։

Ի վերջո, ցանկացած տարիքում վախերի հաղթահարման կարևոր հիմքերից մեկը սեփական ուժերի նկատմամբ վստահությունն է։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment