Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Մայր Տաճարում պատարագից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ կտրուկ հերքելով գործող իշխանության տարածած այն պնդումները, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարզերում նոր իշխանափոխություն է նախապատրաստում։
Սրբազանի խոսքով՝ լիովին կանխատեսելի էր, որ դատական համակարգում արդեն երկրորդ դատավորն է հրաժարվում վարույթ ընդունել Վեհափառի և բարձրաստիճան հոգևորականների դեմ հարուցված գործը։ Սա վկայում է այն մասին, որ դատավորները գիտակցում են գործընթացի բնույթը, ուստի խուսափում են մասնակից դառնալ Եկեղեցու դեմ իրականացվող արշավին։
Միևնույն ժամանակ, Արագածոտնի թեմի առաջնորդը անհիմն է անվանել վարչապետի հայտարարությունները, թե Մայր Աթոռը պատվիրակություններ է ուղարկում համայնքներ՝ հեղափոխական շարժումներ գեներացնելու նպատակով։ Եկեղեցին շարունակում է իր հոգևոր առաքելությունը, մինչդեռ իշխանությունները փորձում են հանրային դժգոհությունները բարդել հոգևոր դասի վրա։