Նեպալի ողբերգությունից հետո գիտնականները ահազանգում են Ալպերում սառցադաշտերի փլուզման ռիսկերի մասին

Նեպալում սառցադաշտի պոկման հետևանքով տեղի ունեցած աղետալի սելավը, որը հարյուրավոր մարդկանց կյանք է խլել, կրկին ուշադրության կենտրոնում է պահում սառցադաշտերի փլուզման վտանգը: Գերմանացի մասնագետ, Ալֆրեդ Վեգեներ ինստիտուտի պրոֆեսոր Օլաֆ Այզենի փոխանցմամբ՝ կլիմայի տաքացման պատճառով նմանատիպ ռիսկերն աճում են նաև Ալպերում, թեև դրանց մասշտաբները, ամենայն հավանականությամբ, ավելի փոքր կլինեն:

Որպես օրինակ՝ գիտնականը հիշեցնում է 2025 թվականի մայիսին շվեյցարական Բլատեն գյուղում տեղի ունեցած սառցադաշտի փլուզումը: Ի տարբերություն Նեպալի՝ Շվեյցարիայում վտանգը կանխատեսվել էր, և բնակչությունը տարհանվել էր: Այնուամենայնիվ, Նեպալի աղետն իր ծավալներով շուրջ 10-20 անգամ գերազանցում էր Բլատենի դեպքը:

Գիտնականները նշում են, որ Եվրոպան ամենաարագ տաքացող մայրցամաքներից է, ինչի պատճառով Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում 2500-ից 3000 մետր բարձրության վրա գտնվող հավերժական սառույցները սկսում են հալվել՝ կորցնելով կապը ապարների հետ: Արտակարգ շոգի կամ տեղատարափ անձրևների հետ համադրությունը մեծացնում է նման աղետների հավանականությունը, ինչպես տեղի ունեցավ 2022 թվականին իտալական Մարմոլադայում, որտեղ սառցաբեկորի պոկման հետևանքով 11 լեռնագնաց զոհվեց: Այզենի ընդգծմամբ՝ մեխանիկական պաշտպանության միջոցառումները կարճաժամկետ լուծումներ են, և միակ իրական ճանապարհը կլիմայի փոփոխության դեմ պայքարն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment