Աշխարհում տարեցտարի ահագնացող պարենային սղության պայմաններում հատկապես գյուղական շրջաններում կարևորվում է պարենային անվտանգության ուղղությամբ տարվող ռազմավարական ծրագրերի նշանակությունը, ինչը կարող է քիչ թե շատ մեղմել պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները՝ մարդկության համար ապահովելով մատչելի և անվտանգ սննդի առկայությունը։
Եվ այդ առումով գնահատելի է նաև Հայաստանում գործունեություն ծավալող Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Շիրակի և Տավուշի մարզերի խոցելի գյուղական համայնքներում իրականացվող «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի իրականացումը, որը նպաստում է պարենային անվտանգության, կայուն կենսամիջոցների և կայուն գյուղատնտեսության ապահովմանն ու զարգացմանը։
Ծրագրով գործնական աջակցություն է ցուցաբերվում գյուղական տնային տնտեսություններին և համայնքներին՝ նվազեցնելու գյուղատնտեսության ոլորտում իրենց ծախսերը, բարձրացնելու այդ ոլորտում գործունեության արտադրողականությունը և ստեղծելու գյուղատնտեսության տեղական զարգացման հնարավորություններ՝ այդպիսով նաև հասնելով բարեկեցության։ Մարդկանց պարենային ոլորտում գործունեության և համայնքային մակարդակում իրականացվող լուծումների մեջ այսօր կատարվող ներդրումների շնորհիվ հնարավոր է դառնում նվազեցնել գյուղական համայնքների խոցելիությունը և նպաստել գյուղական զարգացման ավելի կայուն և երկարաժամկետ արդյունքների ապահովմանը։
Ասիական զարգացման բանկի նախաձեռնությամբ վերջերս դեպի Շիրակի մարզի գյուղական համայնքներ իրականացված մեդիաշրջայցի ընթացքում հնարավորություն ստեղծվեց հանդիպելու և զրուցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Ասիական զարգացման բանկի իրականացրած ծրագրի շահառուների՝ գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց հետ։ Ինչո՞ւ կանանց, քանի որ այս փուլում իրականացվող ծրագրով կառավարությունը և ԱԶԲ-ն հենց կին ֆերմերներին են օգնության ձեռք մեկնել՝ գույքագրելով իրենց գործունեության համար անհրաժեշտ կարիքները և նրանց ապահովելով հողագործական տեխնիկայով, մոտոբլոկերով, գյուղմթերքների պահպանման համար անհրաժեշտ սառնարանային տեխնիկայով, անհրաժեշտ բերքատու ծառերի ու թփերի տնկիներով, ոռոգման կաթիլային և ծորակային համակարգերով, ինչն էլ նպաստել է նրանց առավել մեծ ներգրավմանը գյուղատնտեսական գործունեության ոլորտում, աշխատանքի առավել արդյունավետությանն ու բարձր արտադրողականությանը, որի արդյունքը, բնականաբար, տանտնտեսությունների եկամուտների բազմապատկումն է։ Այս ծրագրի շահառուների մեջ կան ինչպես տևական ժամանակ գյուղատնտեսությամբ զբաղվող կանայք, այնպես էլ սկսնակներ, որոնք նոր են փորձում հողի բարիքներից օգտվելով՝ ստեղծել շահութաբեր այգիներ և այդ միջոցով ոչ միայն իրենց պարենային կարիքները հոգալ, այլև որոշակի եկամուտ ստանալ՝ գյուղմթերքը շուկայում իրացնելով։
Ինչպես տեղեկացրեց ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության համաղեկավար Եվա Դանիելյանը՝ այս ծրագիրն ունի 230 շահառու, որոնցից 200-ին կարելի է նորելուկ համարել, քանի որ նրանք նոր են փորձում հնարավորինս մեծ ծավալներով գյուղատնտեսությամբ զբաղվել և հետաքրքրություն են ցուցաբերում դրա հանդեպ, իսկ 30 գյուղացիական տնտեսությունների շահառուներն արդեն տարիների փորձառություն ունեն և կարողանում են իրենց գործունեությունը դարձնել եկամտի աղբյուր։ Նրա տեղեկացմամբ՝ ծրագիրն իրականացվում է Շիրակի և Տավուշի՝ կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի համայնքներում և միտված է փոքր գյուղատնտեսությունների դիմակայունությանը, նրանց եկամուտների բարձրացմանը։ Այս ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցներ է տրամադրել Ճապոնիայի կառավարությունը Բարգավաճ և Դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հիմնադրամի (JFPR) միջոցով։ Ճապոնիայի կառավարությունն այդ նպատակով 3 մլն դոլար է հատկացրել ԱԶԲ-ին։ ԱԶԲ-ի ղեկավարությունը կարևորում է այն հանգամանքը, որ այդ գումարը Հայաստանին տրամադրվել է որպես դրամաշնորհ, ինչի շնորհիվ ՀՀ բյուջեի վրա լրացուցիչ բեռ չի ավելանալու, հակառակը՝ թեթևացնելու է բեռը՝ այդ գործառույթի ֆինանսավորումն անձամբ ստանձնելով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի իրականացման թիմի տնօրեն Արման Սարգսյանը նշում է, որ ՀՀ կառավարությունն էլ իր հերթին այս ծրագրի իրականացման գործում 500 հազար դոլարի մասնակցություն ունի։ Էկոնոմիկայի նախարարությունը նաև մտադիր է Տավուշի և Շիրակի մարզերում լոգիստիկ կենտրոններ ստեղծել. այժմ դիտարկվում, ուսումնասիրվում են դրանց համար հարմար վայրերը, տեղանքները։ Այդ կենտրոնները կօգնեն գյուղացիներին ու ֆերմերներին իրենց բերքն իրացնելու հարցում՝ նրանցից բերքը հենց բնակավայրում գնելով և այնուհետև շուկաներ արտահանելով։
ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան, ընդգծելով ծրագրի կարևորությունը գյուղական համայնքների զարգացման գործում, նշում է, որ հատկապես խոցելի համայնքներում ապրող կանանց համար այս ծրագիրը իրենց գործունեությունն ընդլայնելու և հոգսը թեթևացնելու հնարավորություն է. «Այս ծրագրի կարևորությունն այն է, որ այն մարդկանց համար ստեղծում է շոշափելի արդյունքներ։ Ֆերմերներին աջակցելով, պարենային անվտանգությունն ամրապնդելով և գյուղական համայնքների համար նոր հնարավորություններ ստեղծելով՝ մենք նպաստում ենք Հայաստանի ավելի ուժեղ և դիմակայուն ապագայի կառուցմանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի Բարգավաճ և Դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հիմնադրամի (JFPR) միջոցով, ինչը վկայում է Հայաստանում կայուն և ներառական զարգացմանն աջակցելու Ճապոնիայի շարունակական հանձնառության մասին՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ»։
Թագուհի Ասլանյան