Մեհմեթ Օզի հայտարարություններից հետո Լոս Անջելեսի հայ համայնքը ձեռնարկում է իրավական քայլեր

Ամիսներ առաջ Լոս Անջելեսի հայկական թաղամասերում դաշնային ներկայացուցչի կողմից հայ համայնքի և տեղի բիզնեսների հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները լայն արձագանք էին ստացել։ Մասնավորապես, ԱՄՆ «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնների (CMS) ղեկավար Մեհմեթ Օզը հայտարարել էր, թե հայերեն և ռուսերեն ցուցանակներով ընկերությունները «կասկածելի գործունեությունն են ծավալում»։

Միջադեպին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը։

Նրա խոսքով՝ հայտարարություններից անմիջապես հետո քաղաքային մակարդակով քայլեր են ձեռնարկվել տեղի, հատկապես՝ փոքր բիզնեսներին աջակցելու և ստեղծված իրավիճակին իրավական լուծումներ գտնելու ուղղությամբ։

«Միջադեպից անմիջապես հետո քայլեր ձեռնարկեցինք՝ աջակցելու տեղական, հատկապես՝ փոքր բիզնեսներին։ Լուծումներ գտնելու նպատակով կապ հաստատեցինք քաղաքային տարբեր կառույցների հետ։ Այսօր կազմակերպել ենք հանդիպում-դասախոսություն՝ համայնքին ներկայացնելու մեր իրականացրած իրավական քայլերն ու հետագա անելիքները»,- նշել է Նազարյանը։

Իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Իրավաբանների հայկական միության անդամ Արմեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ տեղի հայերի հասցեին հնչեցված մեղադրանքները որևէ փաստական հիմք չունեին։ Նա միաժամանակ նշել է, որ այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ հակահայ խտրականությունը նոր երևույթ չէ և ունի խոր արմատներ։

Արմեն Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ նման դրսևորումների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է միասնություն և հետևողական աշխատանք։

Նրա խոսքով՝ դեռևս 1919-1920 թվականներին Ֆրեզնո տեղափոխված իր պապերը բախվել են տեղի մեծամասնության կողմից դրսևորված խտրականության և թշնամանքի։

Միջադեպի մասին իր տեսակետն է ներկայացրել նաև «Տիգրանակերտ» խանութի և խմորեղենի արտադրամասի հիմնադիր-տնօրեն Աննա Իվանյանը։ Նրա խոսքով՝ հակահայ հայտարարություններից հետո իրենց բիզնեսը կտրուկ անկում է ապրել, ինչի հետևանքով կորցրել են բազմաթիվ հաճախորդների։

«Բացի ֆինանսական կորստից, սա առաջին հերթին անվան և պատվի հարց է։ Իրավիճակն անսովոր է, և սա չի կարող այսպես շարունակվել»,- ընդգծել է Իվանյանը։

Ձեռնարկատիրոջ համոզմամբ՝ անընդունելի է, երբ որևէ մեկը անձնական կամ պատմական հակակրանքից ելնելով թիրախավորում է հայկական համայնքն ու տեղի հայ գործարարներին։

«Չի կարող մեկն արթնանալ ու որոշել, որ պետք է վրեժխնդիր լինի հայերից»,- նշել է Աննա Իվանյանը։

Ստեղծված իրավիճակը, համայնքի ներկայացուցիչների գնահատմամբ, ցույց է տալիս, որ հայ համայնքի և տեղի փոքր բիզնեսների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է ոչ միայն իրավական, այլև համատեղ ու հետևողական աշխատանք։

Leave a comment