Վաշինգտոնի վերադարձը Հարավային Կովկաս

Թրամփի նախաձեռնությունները, TRIPP-ը եւ Հայաստանի ռազմավարական բարդ ընտրությունը

Թրամփի ուղերձը՝ խաղաղության եւ շահերի համադրություն

Հունվարի 24-ին Truth Social սոցիալական հարթակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմամբ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը Հարավային Կովկաս վերադառնալու հստակ քաղաքական ազդակ է հնչեցնում։ Թրամփը ոչ միայն հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա այցի մասին Հայաստան եւ Ադրբեջան, այլեւ հրապարակային կերպով ամրագրեց Միացյալ Նահանգների բազմաշերտ օրակարգը տարածաշրջանում։

Խաղաղության համաձայնագրի պահպանումը գնահատելով որպես իր վարչակազմի ավարտած «ութ պատերազմներից մեկը», Թրամփը միաժամանակ հայտարարեց մի քանի առանցքային ուղղությունների մասին՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության խորացում, Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր, ամերիկյան կիսահաղորդչային արդյունաբերության պայմանագրեր եւ պաշտպանական նշանակության միջոցների վաճառք Ադրբեջանին։

Այս հայտարարությունը փաստացի ամփոփում է ԱՄՆ արտաքին քաղաքական նոր տրամաբանությունը՝ խաղաղարարության եւ կոշտ շահերի համադրություն, որտեղ դիվանագիտությունը ուղեկցվում է տնտեսական, էներգետիկ եւ ռազմարդյունաբերական բաղադրիչներով։

Օգոստոսի 8-ի հռչակագրից մինչեւ Վենսի այց

Անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագիրն ու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը հիմք դրեցին ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի վերակտիվացմանը։ Այդ փաստաթղթերը ոչ միայն քաղաքական, այլեւ ենթակառուցվածքային եւ աշխարհաքաղաքական իմաստ ունեին՝ նախանշելով տարածաշրջանային ապաշրջափակման եւ նոր հաղորդակցությունների հնարավորությունը։

Վենսի այցը տեղի ունեցավ այդ պայմանագրերից վեց ամիս անց՝ այն փուլում, երբ Վաշինգտոնը փորձում է խաղաղության գործընթացը դարձնել անդառնալի եւ այն կապել տնտեսական խոշոր նախագծերի հետ, որոնց առանցքում գտնվում է TRIPP-ը՝ «Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» նախագիծը։

Վենսը՝ Երեւանում. խորհրդանշական այց, բովանդակային օրակարգ

Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան աննախադեպ էր իր մակարդակով. սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր Երեւան։ Վենսի հայտարարությունները եւ ստորագրված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը Հայաստանին դիտարկում է ոչ միայն որպես խաղաղության շահառու, այլեւ որպես տարածաշրջանային վերադասավորումների առանցքային հանգույց։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հայ-ամերիկյան հարաբերությունները «ավելի բարձր են, քան երբեւէ», ամրագրվեց կոնկրետ քայլերով՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի բանակցությունների ավարտի համատեղ հայտարարությամբ։

«123-րդ համաձայնագիրը». էներգետիկ անվտանգություն եւ  ռազմավարական վերահաստատում

Հայաստան–ԱՄՆ միջուկային համագործակցության շուրջ բանակցությունները, առավել հայտնի որպես «123-րդ համաձայնագիր», ունեն ոչ միայն տեխնիկական, այլեւ խորը քաղաքական նշանակություն։ Այն ուղղակիորեն առնչվում է Մեծամորի ԱԷԿ-ի ապագային եւ Հայաստանի էներգետիկ կախվածության հարցին։

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններն ավելի վաղ փաստել էին, որ Վաշինգտոնը Հայաստանին առաջարկում է ոչ միայն տեխնոլոգիա, այլեւ ռազմավարական վերաուղղում՝ հեռացում ռուսական միջուկային տեխնոլոգիական մենաշնորհից։ Սա անմիջապես արձագանք գտավ Մոսկվայում։

Պաշտպանական բաղադրիչը. ԱԹՍ-ներ եւ քաղաքական ուղերձներ

11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ների վաճառքը Հայաստանին դարձավ այցի ամենաքննարկվող բաղադրիչներից մեկը։ Չնայած դրանց «ոչ հարձակողական» բնույթին, գործարքը հստակ քաղաքական ուղերձ էր՝ ԱՄՆ-ն պատրաստ է մտնել Հայաստանի պաշտպանական ոլորտ։

Վենսի հայտարարությունները՝ խաղաղության կայունության, ներդրումների եւ աշխատատեղերի մասին, ուղեկցվեցին նաեւ անուղղակի աջակցությամբ Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրությունների նախաշեմին։ Արձանագրենք, որ սա ԱՄՆ արտաքին քաղաքականության հազվադեպ բացահայտ միջամտություններից մեկն է՝ թեկուզ փափուկ դիվանագիտության ձեւով։

TRIPP ծրագիրը. տնտեսական միջանցք, թե աշխարհաքաղաքական գործիք

TRIPP-ը ներկայացվում է որպես ենթակառուցվածքային եւ տնտեսական նախագիծ, սակայն միջազգային մամուլի եւ վերլուծաբանների գնահատականներում այն դիտարկում են որպես աշխարհաքաղաքական գործիք։ Reuters-ը եւ AFP-ն ընդգծում են, որ այն կարող է ապահովել Կենտրոնական Ասիայի հանքանյութերի, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների մուտքը արեւմտյան շուկաներ՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։

Հայաստանի համար TRIPP-ը կարող է դառնալ ինչպես տնտեսական հնարավորություն, այնպես էլ լուրջ վտանգ՝ հաշվի առնելով Իրանի հետ սահմանը եւ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանային հաղորդակցություններում։

Մոսկվայի արագ արձագանքը

Վենսի այցին Մոսկվան անմիջապես արձագանքեց։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հիշեցրեց, որ ատոմակայանի կառուցումը առանցքային տեղ է զբաղեցնում Մոսկվա-Երեւան օրակարգում, իսկ «Ռոսատոմը» պատրաստ է արագ սկսել նախագիծը։

Միաժամանակ Ռուսաստանը հայտարարեց, որ պատրաստ է քննարկել TRIPP նախագծում իր հնարավոր մասնակցությունը։ Սա ցույց է տալիս, որ Մոսկվան փորձում է չմնալ դուրս տարածաշրջանային նոր ձեւաչափերից՝ նույնիսկ եթե դրանք ամերիկյան նախաձեռնություններ են։

Հանքանյութեր, մաքսատուրքեր եւ Իրանի գործոնը

Վենսի այցի համատեքստում ակտիվորեն քննարկվեց նաեւ օգտակար հանածոների թեման։ ԱՄՆ-ի հետաքրքրությունը հազվագյուտ հողային տարրերի նկատմամբ Հայաստանի համար կարող է բացել նոր հնարավորություններ, սակայն միաժամանակ բախվել Իրանի դեմ ԱՄՆ սահմանած նոր մաքսատուրքերի ռիսկերին։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ավելի վաղ հնչեցրած գնահատականով, ԱՄՆ փոխնախագահի հայաստանյան այցի շրջանակներում պետք է քննարկվեր նաեւ ԱՄՆ վերջին որոշումը՝ Իրանի հետ առեւտուր անող երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ: ԱՄՆ նախագահը փետրվարի 7-ին՝ Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո հրամանագիր է ստորագրել, որով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար:

«Մոտավորապես 50 միլիոն դոլարի արտահանում ենք ունեցել նախորդ տարի Միացյալ Նահանգներ, եւ բնականաբար, այնտեղ ապրանքներ կան, որոնք էական չափով իրենց մրցունակությունը կկորցնեն նման իրավիճակում», – նշել է նախարար Պապոյանը: Պապոյանի գնահատականները վկայում են, որ Հայաստանը ստիպված է լինելու նուրբ հավասարակշռություն պահել՝ չկորցնելով ոչ ամերիկյան շուկան, ոչ էլ իրանական բարիդրացիական հարաբերությունները։

Ցույցեր, չլուծված հումանիտար խնդիրներ

Վենսի այցը տեղի ունեցավ հումանիտար խնդրի առկայության պայմաններում. Բաքվում պահվող մեր հայրենակիցների հարցը։ Բաղրամյան 26-ի մոտ արցախցիների բողոքի ցույցն էր, Բաքվում բանտարկված անձանց նկարները պարզած՝ ցուցարարները բացականչում էին՝ «ազատություն գերիներին»: Հավաքվածները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն ու պետնախարարն անցած օրերին նամակ էին հղել ԱՄՆ փոխնախագահին՝ գերիներին ազատ արձակելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ 20-ից ավելի հայկական իրավապաշտպան կազմակերպություններ բաց նամակ էին հղել ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով օգնել ադրբեջանական բանտերում գտնվող հայ կալանավորների ազատ արձակմանը։ Ադրբեջանի ռազմական դատարանը երկարատեւ ազատազրկման, այդ թվում՝ ցմահ բանտարկության դատապարտեց Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական ու քաղաքական ղեկավարությանը՝ նրանց մեղավոր ճանաչելով պատերազմական հանցագործությունների ու ցեղասպանության համար։

Ի դեպ, ադրբեջանական մի խումբ հասարակական կազմակերպություններ ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ հայտարարություն են տարածել՝ հորդորելով Վենսին Երեւանում բարձրացնել «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի, նրանց մշակութային ժառանգության պահպանության» հարցը։ «Արեւմտյան ադրբեջանցիները տարածքային պահանջներ չեն ներկայացնում: Նրանց նպատակը Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալը չէ, այլ խաղաղությամբ եւ արժանապատվությամբ հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքի իրականացումը», նշել էին ադրբեջանական ՀԿ-ները, հավելելով՝ «արդար եւ կայուն խաղաղությունը պետք է ներառի ադրբեջանցիների վերադարձը իրենց տներ՝ խաղաղության եւ անվտանգության պայմաններում»։

Հավելենք նաեւ, որ Բաքվում անազատության մեջ պահվող հայերի հարցը քննարկվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ նրա երեւանյան այցի ժամանակ, նախօրեին Հանրային ՀԸ տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասներ չներկայացրեց, հավելելով միայն, որ հետեւողական են լինելու այդ հարցի լուծմանը: Նրա խոսքով՝ «չկա ուղիղ կամ անուղղակի վերաբերելի որեւէ բանակցություն», որտեղ այս թեմային իրենք չեն անդրադառնում: ԱՄՆ փոխնախագահը Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցը բարձրացվելու է։

Նոր ուղեւորություն դեպի ԱՄՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները փոխնախագահ Վենսի՝ տարածաշրջան կատարելիք այցից հետո կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին, հաղորդում է Վաշինգտոնում «Ազատության» թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ այդ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն՝ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու։

Փաշինյանի եւ Ալիեւի առաջիկա այցը Վաշինգտոն՝ «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու համար, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության գործընթացը տեղափոխել ինստիտուցիոնալ հարթակ եւ այն կապել ավելի լայն գլոբալ օրակարգի՝ ներառյալ Գազայի հարցը։

Վենսի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ջեյ Դի Վենսը դարձավ ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը Ծիծեռնակաբերդ այցելեց։ Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ էր այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Վենսը ծաղկեպսակ էր դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետեւ հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այցի ավարտին ԱՄՆ փոխնախագահը գրառում էր կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի»:

Ի դեպ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախօրեին հեռացրեց առավոտյան X-ում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած իր այցի մասին գրառումն ու լուսանկարները, փոխարենը կիսվեց իր խոսնակի գրառմամբ, որտեղ, սակայն, ի տարբերություն իր գրառման՝ Հայոց ցեղասպանություն եզրույթը բացակայում է: Երեկ առավոտյան Վենսը էջում նշել էր. «Այսօր փոխնախագահ Վենսը եւ երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղիկներ խոնարհելու արարողությանը՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Մինչդեռ Վենսի խոսնակի գրառման մեջ միայն ասվում էր. «Հայաստան կատարած այցի վերջին օրը փոխնախագահն ու երկրորդ տիկինը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ գրառում կատարել հյուրերի գրքում»:

Վենսի աշխատակազմից հայտնել էին, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատվիրակությունում չեն եղել: Վենսի խոսնակն, իր հերթին, նշել էր. «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերը: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»:

Պարզվեց, որ Հայաստանի իշխանություններն են խնդրել այցելել Ծիծեռնակաբերդ, արդեն Երեւանից հեռանալիս օդանավակայանում ասաց Միացյալ Նահանգների փոխնախագահը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք պաշտոնապես ճանաչո՞ւմ եք Հայոց ցեղասպանությունը։ «Առաջին փոխնախագահն եմ, որ երբեւէ այցելել է Հայաստան, եւ նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ սա շատ սարսափելի մի բան է, որ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, եւ մի բան, որը նրանց համար մշակութային առումով շատ-շատ կարեւոր է։ Այդ պատճառով որպես հարգանքի նշան թե՛ զոհերի, թե՛ Հայաստանի կառավարության հանդեպ, որը տարածաշրջանում մեզ համար շատ կարեւոր գործընկեր է, թե վարչապետ Փաշինյանի նկատմամբ հարգանքով, ես ցանկացա գնալ եւ այցելել այդ վայրը՝ հարգանքի տուրք մատուցելու», – նշեց Վենսը։

Ահա, հալածյալ քրիստոնյաներին կարեւորող Թրամփի վարչակազմի վերաբերմունքը «քրիստոնեական քաղաքակրթությանը»: Հիշեցնենք, որ 2024թ. հոկտեմբերին ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում հայերին վերաբերող գրառում էր կատարել ու քննադատել էր իր մրցակցին՝ դեմոկրատների նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին եւ բռնի տեղահանվեցին Արցախից»:

Իր գրառման մեջ, Թրամփը, մասնավորապես նշել էր. «Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին եւ բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, եւ մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025թ. ապրիլի 24-ին ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ, որում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

Հարավային Կովկասը՝ կրկին գերտերությունների մրցակցության կարեւոր ուղղություն

Վենսի այցը Երեւան եւ դրա շուրջ զարգացումները վկայում են, որ Հարավային Կովկասը կրկին դարձել է գերտերությունների մրցակցության կարեւոր ուղղություն։ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին անվտանգային, էներգետիկ եւ տնտեսական նոր հնարավորություններ, սակայն դրանք ուղեկցվում են աշխարհաքաղաքական բարդ ընտրության կայացվելիք որոշումներով։

TRIPP ծրագիրը կարող է դառնալ Հայաստանի համար տնտեսական հնարավորություն, եթե այն չվերածվի տարածաշրջանային դիմակայության նոր դաշտի։ Մոսկվայի պատրաստակամությունը քննարկել մասնակցությունը ցույց է տալիս, որ որոշակի փոխըմբռնում ԱՄՆ–ՌԴ միջեւ տեսականորեն հնարավոր է, սակայն դրա գինը կարող է լինել Հայաստանի մանեւրելու հնարավորության սահմանափակումը։

Առաջիկա տարիներին Հայաստանի հիմնական խնդիրն է՝ չդառնալ հակամարտող կողմերի միջեւ մրցակցության գործիք։ Այսինքն, անհրաժեշտ է հնարավորությունները վերածել համագործակցության հարթակի։ Դա պահանջում է չափազանց զգուշավոր, հաշվարկված, հավասարակշռված դիվանագիտություն եւ հստակ պատկերացում, թե որտեղ են անցնում ազգային շահերի կարմիր գծերը։

Եթե Հայաստանը կարողանա համադրել ԱՄՆ-ի առաջարկած հնարավորությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների պահպանման հետ, ապա այն կարող է դուրս գալ տարածաշրջանային վերադասավորումների այս փուլից ոչ որպես շարունակաբար կորուստներ արձանագրող երկիր, այլ՝ որպես սուբյեկտ։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment