Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտական խմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը «Հետքին» տված հարցազրույցում խոսել էր մի շարք մտահոգիչ փաստերի մասին:
Նրա ձևակերպմամբ, Տիգրանակերտի մասին գրքի ստեղծմանը զուգահեռ փոխվել է իշխանական խոսույթն Արցախի մասին։ Ըստ գիտնականի՝ Արցախի Տիգրանակերտին վերաբերյալ գիրքը նվիրվել է ԿԳՄՍ նախարարին, փոխնախարարին և բաժնի վարիչներին, սակայն որևէ արձագանք չի ստացել, իսկ գրքի շնորհանդեսին նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ չի մասնակցել։
Monument Watch-ի 5-ամյակին նվիրված գիտաժողովը նախատեսված է եղել անցկացնել «Դվին» արգելոց-թանգարանում, սակայն կազմակերպիչներին հայտնել են, թե պետական կազմակերպությունում «հակակառավարական միջոցառում» չպետք է անցկացնեն։ Համլետ Պետրոսյանի պնդմամբ՝ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ներկայացվող նախագծերում անուղղակիորեն հասկացվում է, որ չի կարելի կիրառել «Արցախ» կամ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթները, այլ պետք է օգտագործել միայն «Ղարաբաղ» տարբերակը։
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով հարցում էր ուղարկել, խնդրել էինք պատասխանել հետևյալ հարցերին՝ ինչպե՞ս է ԿԳՄՍ նախարարությունը մեկնաբանում Համլետ Պետրոսյանի հայտնած տեղեկությունները Արցախի Տիգրանակերտին նվիրված գրքի շնորհանդեսին և «Դվին» արգելոց-թանգարանում գիտաժողովի անցկացմանը վերաբերող դրվագներով, ի՞նչ հիմքով կամ պատճառաբանությամբ են գիտական հետազոտությունների և նախագծերի հայտերում սահմանափակվում կամ խոտանվում «Արցախ» և «Լեռնային Ղարաբաղ» տեղանունները, և արդյո՞ք առկա է նման պաշտոնական կամ բանավոր հանձնարարական։ Նաեւ հարցրել էինք՝ այն պարագայում, երբ Ադրբեջանն ակտիվորեն իրականացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության յուրացում, ոչնչացում և պատմության կեղծում, ի՞նչ ռազմավարությամբ է ԿԳՄՍ նախարարությունը հակադարձում այդ քաղաքականությանը և ինչո՞ւ են գիտական եզրույթները ենթարկվում նման սահմանափակումների։
Փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի ստորագրությամբ ստացել ենք հետեւյալ պատասխանը. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բարձր է գնահատում Համլետ Պետրոսյանի ակնառու ներդրումը հայկական պատմամշակութային ժառանգության հետազոտման և հանրայնացման գործում: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Արցախի Տիգրանակերտ» ՀԿ-ի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «1075. Մշակութային ժառանգության պահպանություն» ծրագրի «11003. Աջակցություն հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրում» միջոցառման շրջանակում։
Ինչ վերաբերում է հրավերներին և միջոցառումներին մասնակցությանը, ապա նախարարությունը պարբերաբար ստանում է բազմաթիվ հրավերներ տարաբնույթ նախաձեռնություններին մասնակցելու համար: Այնուամենայնիվ, աշխատանքային խիտ գրաֆիկի, ինչպես նաև ղեկավարության կամ համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների կողմից համակարգվող այլ առաջնահերթ միջոցառումների հետ ժամանակագրական համընկնումների պատճառով, ցավոք, միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությունը։
Անդրադառնալով «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցում գիտաժողովի անցկացման ենթադրյալ խոչընդոտման վերաբերյալ տեղեկատվությանը՝ տեղեկացնում ենք, որ նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր կազմակերպություններում այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից միջոցառումների կազմակերպման և անցկացման գործընթացը կանոնակարգվում է «Արգելոցների, արգելոց-թանգարանների և թանգարանների տարածքները վարձակալության տրամադրելու ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 57-Լ հրամանով: Սահմանված ընթացակարգի համաձայն՝ հիշյալ միջոցառման անցկացման վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում-հայտ չի ստացվել ո՛չ նախարարությունում, ո՛չ էլ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում: Հետևաբար, որևէ արգելք կամ խոչընդոտ ընթացակարգային առումով գոյություն ունենալ չէր կարող, և նախարարությունը չի կարող մեկնաբանել չհիմնավորված պնդումները։
Տեղեկացնում ենք նաև, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն նպաստում և խթանում է գիտության բոլոր ուղղություններով հետազոտությունների ոլորտում ակադեմիական բարձր չափանիշների ներդրումն ու պահպանումը՝ խրախուսելով միջազգային մակարդակի հրապարակումները։ Միաժամանակ, հարկ է հիշեցնել, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական քաղաքականության սկզբունքներից է նշված ոլորտների ապաքաղաքական և աշխարհիկ բնույթը»։
«Արցախ» և «Լեռնային Ղարաբաղ» տեղանուն-եզրույթների հետ կապված էլ նախարարության պատասխանում նշվում է. «Ինչ վերաբերում է հարցման մեջ հնչեցված՝ հայագիտական ոլորտին պետական ոչ բավարար աջակցության մասին պնդումներին, ապա դրանք չունեն որևէ փաստական հիմք։ Հակառակը՝ Հայագիտական որակյալ հետազոտություններին աջակցությունը որպես կարևոր թիրախ է սահմանվել ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 29-ի N 11 որոշմամբ հաստատված «ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրով», որով նախատեսվում է հայագիտություն և հումանիտար գիտություններ բնագավառում միջազգային ինդեքսավորվող պարբերականներում հրապարակումների թվի աճի խթանումը, հայագիտական պարբերականների՝ Web of Science կամ Scopus գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորման գործընթացին աջակցությունը, արտերկրի առաջատար հումանիտար հետազոտությունների կենտրոնների հետազոտողների հետ իրականացվող համատեղ հետազոտական ծրագրերի թվի աճի ապահովումը, հայագիտության ոլորտում միջգիտակարգային հետազոտությունների մասնաբաժնի աճի խրախուսումը։ Միաժամանակ, իրականացվում է հետազոտական նախագծերի աջակցության առանձին «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ» դրամաշնորհային ծրագիրը․ 20-ից ավելի դրամաշնորհային ծրագրեր բաց են հայագիտական գիտահետազոտական նախագծերի և խմբերի համար»։
Հավելենք, որ «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքն ամփոփում է քաղաքի վերաբերյալ աղբյուրագիտական ողջ տվյալներն ու հնագիտական հետազոտությունները։ Գիրքը հեղինակել են 21 հետազոտողներ Հայաստանից և արտերկրից, խմբագիրը՝ Համլետ Պետրոսյանն է։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: