Քաղաքականություն
28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Մարիամոբայի (Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման) տոնի առթիվ ներում է շնորհել 226 բանտարկյալի։ Նրանց թվում են տարբեր բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված 9 անձինք։ Վրաստանի քաղաքացիական հասարակությունը և մի շարք կազմակերպություններ նրանց համարում են քաղբանտարկյալներ։
Ըստ իշխանամետ լրատվամիջոցների՝ ներում ստացածների թվում է նաև Ռուսաստանի քաղաքացի Դենիս Կուլանինը, որը, ըստ նրա փաստաբանի, արտաքսման վտանգի տակ է։ Այս մասին ասվում է JAM News-ի անդրադարձում։
Ներում ստացած ակտիվիստներն են՝
- Ֆրիդոն Բուբուտեիշվիլի — 2025 թվականի հունվարի 20-ին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ հրշեջ-փրկարարին վնասվածք հասցնելու և խորհրդարանի շենքի դարպասը վնասելու մեղադրանքով։ 2026 թվականի մայիսի 8-ին տեղեկություն էր տարածվել, որ նա ներում ստանալու խնդրանքով դիմել է նախագահին։
- Սիմոն Մախարաձե — ձերբակալվել էր 2025 թվականի հոկտեմբերին նախագահական պալատը գրոհելու գործով։ Մի քանի ամիս առաջ նա դատավարական համաձայնագիր էր կնքել՝ ստանալով 1 տարվա ազատազրկում և 3 տարվա պայմանական պատիժ։
- Դավիթ Խոմերիկի — 2025 թվականի օգոստոսի 15-ին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ հանցագործության նախապատրաստման, ինչպես նաև պայթուցիկ կամ կյանքի և առողջության համար վտանգավոր այլ սարքեր/նյութեր տեղափոխելու կամ տեղադրելու մեղադրանքով։
- Սաբա Ջիկիա — 2025 թվականի հուլիսի 10-ին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով։
- Դանիել Մումլաձե — 2025 թվականի հունիսի 2-ին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ տեսահսկման տեսախցիկը վնասելու մեղադրանքով։
- Գուրամ Խուտաշվիլի — 2025 թվականի հունիսի 2-ին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ տեսահսկման տեսախցիկը վնասելու նույն մեղադրանքով։
- Տորնիկե Մչեդլիշվիլի — ձերբակալվել էր նախագահական պալատը գրոհելու գործով և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։
- Ավթանդիլ Թոփչիշվիլի — ևս ձերբակալվել էր նախագահական պալատը գրոհելու գործի շրջանակում։ Մի քանի ամիս առաջ նա դատավարական համաձայնագիր էր կնքել՝ ստանալով 1 տարվա ազատազրկում և 3 տարվա պայմանական պատիժ։
Կառավարամետ վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ ներման արժանացածների թվում է նաև Վրաստանում բնակվող և եվրոպամետ բողոքի ցույցերին մասնակցած Ռուսաստանի քաղաքացի Դենիս Կուլանինը։ Նա ձերբակալվել էր 2025 թվականի մարտի 28-ին՝ խորհրդարանի շենքի առջև տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանական մեքենայի ապակին կոտրելու մեղադրանքով և դատապարտվել 2 տարվա ազատազրկման։
Սակայն, ըստ նրա փաստաբան Դիմիտրի Նոզաձեի, Դենիսը դեռևս ազատ չի արձակվել։ Փաստաբանը կասկածում է, որ Կուլանինը պահվում է ներգաղթային իշխանությունների կողմից և նրան պատրաստվում են արտաքսել Ռուսաստան։
Փաստաբանը պնդում է, որ Կուլանինի արտաքսումը Ռուսաստան անընդունելի և վտանգավոր է, քանի որ բանտում գտնվելու ընթացքում նա հրապարակել է նամակ, որում փառք և խաղաղություն է մաղթել Ուկրաինային, ինչը կարող է հիմք հանդիսանալ Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ հարուցելու համար։ Փաստաբանը նշել է, որ վերջերս ընդունվել է օրենք, որն իրավապահ մարմիններին լիազորություն է տալիս արտաքսել Վրաստանում հանցագործություններ կատարած օտարերկրացիներին։ Հարցին՝ արդյո՞ք Դենիս Կուլանինը դիմել է նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին ներման խնդրանքով, փաստաբանը պատասխանել է, որ ոչինչ չգիտի այդ մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի