Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել

Քաղաքականություն

28.08.2026 | 21:42

Բաքվում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում դիվանագետին վճռական բողոք է ներկայացվել՝ կապված օգոստոսի 26-ին լեհական հանրային հեռարձակող TVP-ի (TVP World) «Eastern Express» հաղորդման եթերում, ըստ ադրբեջանական կողմի, «ադրբեջանական պետության և երկրի ղեկավարության դեմ ուղղված կողմնակալ, ոչ օբյեկտիվ և լիովին անընդունելի» հայտարարությունների հնչեցման հետ։

Ադրբեջանական կողմը դժգոհություն է հայտնել նաև հաղորդման հաղորդավարի, իր բնորոշմամբ, «սադրիչ վարքագծի» կապակցությամբ։ Այդ առնչությամբ Լեհաստանի կողմին հանձնվել է բողոքի նոտա։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ իրականությունը խեղաթյուրող տեղեկատվության տարածումը մտահոգություն է առաջացնում հատկապես այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը։

Ադրբեջանական կողմը նշել է, որ երկրի նկատմամբ բացասական բովանդակության տարածումը Լեհաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող հանրային հեռարձակողի եթերում գնահատվել է որպես «ոչ բարեկամական քայլ», որը հակասում է երկու երկրների միջև գործընկերության ոգուն և կարող է վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին։

Լեհական կողմին կոչ է արվել անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ «Ադրբեջանի դեմ ուղղված նման սադրիչ արշավները դադարեցնելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment