Քաղաքականություն
28.08.2026 | 21:11
Գյումրիում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովը, որի բացման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականության կարևորությունը։
Միրզոյանի խոսքով՝ այս տարվա աշխատաժողովն առանձնահատուկ է երկու հանգամանքով․ այն անցկացվում է խորհրդարանական ընտրություններից հետո և նոր իրողությունների պայմաններում։
Նախարարը նշել է, որ այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակելու է հետևողականորեն ձևավորել խաղաղ և համագործակցային միջավայր, նպաստել խաղաղության ինստիտուցիոնալացմանն ու զարգացնել գործընկերությունները։
Միրզոյանն անդրադարձել է նաև գործընկերությունների օրակարգում միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությանը՝ ընդգծելով, որ դա համահունչ է նախարարության նոր գործառույթներին։
Աշխատաժողովի ընթացքում ուղերձներով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ելույթով հանդես է եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձել է կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և դրանց իրականացման գործում ԱԳՆ-ի ու արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարությանը։
Վարչապետը նշել է, որ ԱԳՆ-ի անվան փոփոխության հիմքում հստակ հայեցակարգ է՝ արտաքին քաղաքականության մեջ տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով կոնկրետ արդյունքներ ապահովելու և բարեկեցությունը բարձրացնելու նպատակով։
Ելույթից հետո Փաշինյանը պատասխանել է դեսպանների հարցերին։ Աշխատաժողովի մեկնարկին ներկա են եղել նաև Ազգային ժողովի և կառավարության անդամներ։