«Իրենք չեն ցանկանում, որ գործում առկա խնդիրները բացահայտվեն»․ Արա Զոհրաբյանը՝ Վեհափառի գործով դռնփակ նիստեր անցկացնելու մասին

Դատավորը չցանկացավ Վեհափառի ու սրբազանների գործը քննել․ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Վեհափառի փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմում իրենց խիղճն է, արդարությունն ու ճշմարտությունը, մյուս կողմում՝ քաղաքական ճնշումը»,- ասաց նա։

Անդրադառնալով մեղադրող կողմի միջնորդությանը՝ դռնփակ դատական նիստեր անցկացնելու մասին, Արա Զոհրաբյանն ասաց․ «Կարծում եմ, որ իրենք չեն ցանկանում, որ գործում առկա խնդիրները բացահայտվեն, մինչդեռ այս գործը լուրջ խնդիրներ ունի։ Ինչպես գիտեք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում են իր կանոնական գործառույթը կատարելու մեջ։ Հոգևորականին նա կարգալույծ է հռչակել, և դա համարվել է, որպես դատական ակտի խոչընդոտում, այն դեպքում, երբ դա համարվել է սահմանադրությամբ և օրենքրերով պետության միջամտելու առումով փակ տարածք»։

Ինչ վերաբերվում է գործը Երեւան տեղափոխելու դատավորի որոշմանը, պաշտպանն ասաց, որ դա խնդրահարույց է․ «Միքայել սրբազանի գործն էլ Երևանում քննվեց, վերջում պարզվեց, որ ընդդատության խախտում կար և բեկանվեց, այսինքն, իրենք բավական ժամանակ կորցրեցին։ Հիմա նույն ռիսկերը կան։ Մի կարևոր վստահություն էլ կա, գործը կարող է մակագրվել այնպիսի դատավորի, որին հանրությունը չի վստահում՝ Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մելիքսեթյանին»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։ Մեղադրյալների թվում են արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, արքեպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը, եպիսկոպոս Մուշեղ Բաբայանը, եպիսկոպոս Հովնան Հակոբյանը, եպիսկոպոս Մակար Հակոբյանը, եպիսկոպոս Վահան Հովհաննիսյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment