«Հայաստանի Հանրապետությունը չի հանդիպել նման դեպքի, երբ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քննվի քրեական գործ՝ կապված իր բացառիկ իրավասության մեջ մտնող որոշման կայացման հետ։ Այս ամբողջ գործընթացը լեգիտիմ չէ։ Ավելին՝ Եվրոպական դատարանի որոշումներ կան, որտեղ հստակ սահմանազատվում է, նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է այդ մասին խոսում, որ հստակ պետք է սահման գծվի պետության միջամտության՝ եկեղեցու կամ ցանկացած կրոնական կազմակերպության ներքին կյանքի միջև։ Իսկ այս դեպքում պետությունը ջնջում է այդ սահմանները»,— այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը՝ հավելելով, որ սույն քրեական վարույթը Ամենայն հայոց կաթողիկոսի բացառիկ տնօրինչական լիազորությանը վերաբերող որոշման առիթով է, որին պետությունը միջամտել չի կարող։
Այսօր Վաղարշապատի դատարանում շարունակվում է Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նիստը։
Լրագրողների հիշեցմանը, որ նախորդ դատավորն ինքնաբացարկ հայտնեց, և հարցին՝ հնարավո՞ր է, որ նոր դատավորը նույնպես ինքնաբացարկ հայտնի, Արմինե Ֆանյանը պատասխանեց. «Չենք կարող ասել, զգայուն գործ է։ Համենայնդեպս, տպավորությունը վատը չէ դատավորից։ Նախորդ դատավորը հրաժարվեց Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ գործ քննել, ես կոնկրետ ողջունում եմ այդ քայլը։ Իհարկե, ավելի ողջունելի կլիներ, որ քններ և արդարացներ, կամ հենց ի սկզբանե քրեական հետապնդումը դադարեցներ արդարացման հիմքով, բայց սա էլ է լուծում»։
Այս գործով նոր դատավորն է Սերժ Ռուշանյանը (լուսանկարում)։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: