«Հույս է առաջացել, որ ինչ-որ փուլում որոնողական աշխատանքները կարող են վերսկսվել»․ անհայտ կորածների հարազատները ձեւավորել են ասոցիացիա

Անհայտ կորածների հարազատները ձեւավորել են «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»։ Այսօր հրավիրած ասուլիսում ասոցիացիայի հիմնադիրները ներկայացրեցին, թե ինչ աշխատանք են իրականացնելու։

Ասոցիացիայի համահիմնադիրներից Գոռ Մուրադյանը՝ 2020 թվականից անհատ կորած Հենրիխ Մուրադյանի հորեղբայրը, ասաց, որ ասոցիացիան նախատեսում է ակտիվ աշխատանք իրականացնել անհայտ կորածների հարցերով՝ նաեւ միջազգային կառույցներում։

«Կառույցը պետք է հնարավորինս խթանի անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման գործընթացը։ Մենք պետք է բարձրաձայնենք անհայտ կորածների ընտանիքների իրավական, սոցիալական, հոգեբանական խնդիրների մասին։ Կարեւոր առաքելություններից մեկն էլ այն է, որպեսզի մենք բոլոր հնարավոր կամ անհնարին միջոցներով այնպես անենք, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիք չանցնի այն արհավիրքի միջով, ինչի միջոց այսօր անցնում ենք մենք»,- ասաց Գոռ Մուրադյանը։

Ասոցիացիայի համահիմնադիր 2020 թվականին անհայտ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը՝ Ասյա Դանիելյանն ասաց, որ ասոցիացիայի ստեղծումն իրենց երկար տարիների պայքարի արդյունք էր։ «Մենք երկար տարիներ առանձին-առանձին փորձել ենք պայքարել՝ պարզելու մեր երեխաների ու հարազատների ճակատագրերը։ Գնացել ենք տարբեր կառույցներ, հարցեր ենք տվել, պատասխաններ ենք ստացել։ Վերջապես մենք ուզում ենք ստանալ մեզ հուզող ամենակարեւոր հարցի պատասխանը՝ որտեղ են մեր երեխաները»,- ասաց նա։

1990-ականների պատերազմում «Արաբո» ջոկատի անհայտ կորած ազատամարտիկներից մեկի որդին՝ Արամ Չանախչյանը նշեց․ «Երբեմն կարող է թվալ, թե 1990-ականների դեպքերը շատ վաղուց են եղել, սակայն հարցը չին հնացել, չի վերացել, ճշմարտությունն իմանալու մեր իրավունքը չի կորցրել իր ուժը։ Ցավոք սրտի, տարիների ոչ արդյունավետ եւ ոչ համախմբված աշխատանքի արդյունքում առ այսօր մենք ունենք չլուծված խնդիրներ»։

Ասոցիացիայում ներառված են ինչպես 1990-ականների, այնպես էլ 2020 եւ 2023 թվականի պատերազմներում անհայտ կորածների հարազատները։ Ասոցիացիան աշխատելու է նաեւ միջազգային կառույցների հետ, Գոռ Մուրադյանն ասաց, որ արդեն փորձ կա՝ բոլորովին վերջերս ՄԱԿ-ի բռնի անհետացումների հարցով կոմիտե զեկույց են ուղարկել։

Մանրամասները՝ տեսանյութում

Գոռ Մուրադյանը նաեւ Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է։ Լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձավ ԱԱԾ-ում քննարկումներին։

«Աբազյանի ժամանակներից սկսած՝ որոշակի հաջողություններ մենք գրանցել ենք, ընդհուպ մինչեւ տուժողի կարգավիճակ ունեցողների վերաբերյալ քննություն նշանակելը։ Աբազյանի փոխվելուց հետո երկու նիստ է եղել։ Որ ասեմ՝ կոնկրետ փոփոխություն կա, չկա։ Միակ փոփոխությունն այն է, որ դրսի եւ ներսի հանձնաժողովներն իրար հետ համագործակցում են, եւ ոնց որ հույս է առաջացել, որ ինչ-որ փուլում կարող է գան համաձայնության, որ վերսկսվեն որոնողական աշխատանքները։ Դե մենք էլ հույս ունենք, որ Աստված տա, մենք հլա ողջ երեխեք կգտնենք»,- ասաց նա։

Ժամկետների մասին, ըստ Գոռ Մուրադյանի, ոչ մի հստակություն չկա, բանակցություններ են ընթանում հանդիպումների վերաբերյալ։ Տեղեկատվության մի մասն անհայտ կորածների հարազատների համար գաղտնի է։

«Ծնողների համար, կարելի է ասել, այդ անորոշությունը կա, դրա համար էլ այսօր այս ասոցիացիան բացվում է, որպեսզի մենք էլ ինչ-որ գործողությամբ կարողանանք առաջընթաց գրանցել, ֆիզիկական անձից դառնանք իրավաբանական անձ եւ մեր հնարավորությունները շատանան»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Գոռ Մուրադյանը նաեւ ասաց, որ բողոքի ցույցերից հետո անհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԱԾ տնօրենի հետ։ «էլի պետք է հանդիպում լինի, մենք մեր ճանապարհային քարտեզը իրենց հետ պետք է քննարկենք ու հասկանանք՝ իրենք համաձայն են դրան, թե չէ։ Հետո նոր կորոշենք մեր անելիքները՝ եթե հասկանանք, որ ծայրահեղության պետք է գնանք, ամեն քայլի էլ պատրաստ ենք, բայց քանի կա ինչ-որ հույս, որ աշխատանքների արդյունքում կարող ենք հասնել նպատակին, ես չեմ ուզի, որ ոչ մի ծնող ծայրահեղության դիմի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Գոռ Մուրադյանը տեղեկացրեց, որ անհայտ կորածների ընդհանուր թիվը մոտ 1000 է, որն իր մեջ ներառում է 1990-ականներից մինչեւ 2023 թվականի պատերազմն ու Արցախի վառելիքի պահեստի պայթյունի դեպքերը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment