Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել յոթ անձի, որոնք դատապարտվել էին 2024 թվականի վերջին և 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած հակակառավարական հանրահավաքների ժամանակ անկարգություններ կազմակերպելու համար: Այս մասին հաղորդել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը:
Կավելաշվիլին ներում է շնորհել Ֆրիդոն Բուբուտեիշվիլիին, որն անձամբ դիմել էր նախագահին՝ բանտից ազատ արձակելու խնդրանքով: Ազատ է արձակվել նաև Սաբա Ջիկիան: Կավելաշվիլին նաև ներում է շնորհել Գուրամ Խութաշվիլիին և Դանիել Մումլաձեին, որոնք դատապարտվել էին 2024 թվականի հանրահավաքների ժամանակ տեսախցիկները վնասելու համար: Բանտից ազատ է արձակվել նաև պայթյուն կազմակերպելու մեջ մեղադրվող Դավիթ Խոմերիկին: Պետության ղեկավարը վաղաժամկետ ազատ է արձակել բանտից Սիմոն Մախարաձեին և Թորնիկե Մչեդլիշվիլիին:
Օգոստոսի 27-ին Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Կավելաշվիլին ներում է շնորհել 226 անձի՝ օգոստոսի 28-ին նշվող Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Մարիամոբա) տոնի կապակցությամբ:
2024 թվականի նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Վրաստանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը անդամակցելու բանակցությունները դադարեցնելու որոշման մասին։