Disney ընկերությունը փորձառու աշխատակիցներին առաջարկել է վաղաժամկետ կենսաթոշակի անցնել՝ ծախսերը կրճատելու շրջանակում։ Ծրագրին կարող են մասնակցել 50 տարեկանից բարձր և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցները։ Առաջարկը ներառում է ընդլայնված կենսաթոշակային փաթեթ՝ բաժնետոմսերի, բժշկական ապահովագրության և թեմատիկ զբոսայգիներ այցելելու հնարավորության պահպանմամբ։
Այս քայլը ծախսերի կրճատման և հաստիքների օպտիմալացման ընդհանուր ռազմավարության մի մասն է՝ շարունակվող կրճատումների ֆոնին։ Variety-ի տվյալներով՝ ներքին հաղորդագրությունը ստորագրել է ընկերության ավագ փոխնախագահ և մարդկային ռեսուրսների տնօրեն Սոնյա Քոուլմանը:
Նամակում նշվում է սահմանափակ ժամկետով նախաձեռնության մեկնարկի մասին, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է կորպորացիայի կողմից։ Ծրագիրը նախատեսված է փորձառու աշխատակիցների համար և նրանց առաջարկում է ժամանակից շուտ ավարտել կարիերան՝ ստանալով ընդլայնված սոցիալական փաթեթ։ Ընկերությունում ընդգծում են, որ պայմանները «հաշվի են առնում նրանց ծառայությունը»։ Արտոնությունների ցանկում ներառված են աշխատանքից ազատվելու նպաստը, բաժնետոմսերի օպցիոնների պահպանումը, կորպորատիվ սակագներով բժշկական ապահովագրությունը, ինչպես նաև Disney-ի զվարճանքի զբոսայգիներ այցելելու հնարավորությունը՝ Silver Pass ծրագրի շրջանակում։
Այն վերաբերում է Disney Entertainment-ի, ESPN-ի և կորպորատիվ այլ ստորաբաժանումների աշխատակիցներին։ Մասնակիցների նվազագույն տարիքը 50-ն է, իսկ աշխատանքային ստաժը պետք է լինի առնվազն 10 տարի։ Պայմանագրային հիմունքներով աշխատողները չեն կարող մասնակցել ծրագրին։
Disney-ում զանգվածային կրճատումները սկսվել են դեռևս հուլիսին և ընդգրկել բազմաթիվ ստորաբաժանումներ։ Ամենամեծ կորուստներն ունեցել է Pixar ստուդիան, որը վերջերս թողարկել է «Խաղալիքների պատմություն» ֆրանշիզայի հինգերորդ մասը։